Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որևէ այլ փառատոնի ժամանակ այսքան չեն կերակրում» (տեսանյութ)

Մշակույթ
apricot-blessing1

Ծիրան, կոնյակ, հայկական ռադիո, Արամ Խաչատրյան, Սերգեյ Փարաջանով: Սա թերևս այն ամենն էր, ինչ գերմանացի Քրիստոֆեր Մոնդտն ու իր մտերիմները գիտեին Հայաստանի մասին մինչ այստեղ գալը: «Հիմա արդեն կարելի է ասել, ես ձեր երկրի դեսպանն եմ Համբուրգում քանի որ արդեն տարիներ «Ոսկե ծիրանի» մասնակիցն եմ: Իմ գործակալությունն է ապահովում փառատոնի տեխնիկական մասը»,- ասում է նա։ «Ֆիլմ պրոեկցիոն»-ի տնօրեն Քրիստոֆեր Մոնդտն առաջին անգամ «Ա1+» -ի հյուրն էր երեք տարի առաջ, և մեր նրան ուղղված առաջին հարցն էր, թե ինչ փոփոխություններ է նկատում: «Տարեց տարի «Ոսկե ծիրանը» ավելի ու ավելի զարգացում է ապրում: Անփոփոխ է մնում, սակայն, դեռևս ռուսներից ժառանգած տեխնիկան, որն ինչ խոսք խնդիրներ է առաջացնում: Հյուրընկալության առումով շատ ջերմ եք: Իմ հայ կոլեգաները մարդկային բարձր հատկանիշներով օժտված մարդիկ են, և չնայած խոսում ենք տարբեր լեզուներով, միմյանց անխոս հասկանում ենք և որևէ խնդիր երբևէ չի առաջացել»,- հայտնեց նա: Քրիստոֆերը, որի գործակալությունը տարվա մեջ 20-ից ավելի փառատոններ է ապահովում, չի դադարում զարմանալ հայկական հյուրասիրությունից. «Փոքր պետության համար սա մեծ փառատոն է ու թերևս շատ է տարբերվում, հատկապես իր հյուրասիրություններով: Որևէ այլ փառատոնի ժամանակ այսքան չեն կերակրում: Սա կարծում եմ ձեր ազգային հատկանիշն է: Ասեմ որ, արտակարգ խոհանոց ունեք»: