Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչը կփոխատուցի ծիրանի չեղած բերքին

Քաղաքականություն Տնտեսություն
23.07.2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարը խորհրդակցություն է անցկացրել վերամշակող ընկերությունների տնօրենների հետ: Մթերման եռուն շրջանի նախօրյակին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կրկին խորհրդակցության էր հրավիրել պտուղ-բանջարեղենի վերամշակման ձեռնարկությունների ներկայացուցիչներին` քննարկելու առկա խնդիրների լուծման ուղիները: Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին նախորդ տարվա մթերումների կազմակերպված ընթացքի համար, որի արդյունքում տարեվերջին մթերված բերքի դիմաց կուտակված պարտքեր գրեթե չկային, նախարարը նշեց, որ ընթացիկ տարում նույնպես վերամշակողներին լարված տարեշրջան է սպասվում: Մեծ են և վերամշակողների պահանջարկը և սպասվող բերքի ծավալները : Առանձնապես առատ բերք են խոստանում բանջարեղենի ցանքերը, որոնք ընթացիկ տարում անհամեմատ ավելացել են: Վերամշակողները պատրաստ պետք է լինեն նման ծավալների ընդունմանը և վճարումները ժամանակին կատարելուն: «Նման աշխատանքի փորձ մենք արդեն ունենք: Պետք է անել ամեն ինչ դժվարությամբ աճեցված ամբողջ բերքը ընդունելու համար: Անչափ կարևոր է նաև գների փոխադարձ շահավետության պահպանումը: Գյուղացին պետք է զգա, որ իր աշխատանքն արդյունավետ է: Չնայած ծիրանի բերքն այս տարի հասկանալի պատճառներով քիչ էր, բայց վերջինիս պակասը պետք է փոխլրացվի մյուս պտղատեսակների հաշվին», - ասաց նախարարը: Նա նշեց նաև, որ հաշվի առնելով բանջարեղենի պահածոների, հատկապես խորտիկային պահածոների մեծ պահանջարկը, առիթը պետք է օգտագործել և այս տարվա լոլիկի, պղպեղի, սմբուկի առատ բերքի վերամշակմամբ ավելացնել նման պահածոյատեսակների արտադրությունը: Մանավանդ, որ առաջիկայում Հայաստանն անդամագրվելու է Եվրասիական տնտեսական միությանը, որն ավելի դյուրին է դարձնելու արտահանումների ընթացքը:   Եվրասիական տնտեսական գոտի մտնելու հեռանկարի վերաբերյալ նախարարն ասաց նաև, որ այն ավելի նպաստավոր պայմաններ է խոստանում մեր արտադրողներին և վերամշակողներին:   Շահագրգիռ երկխոսության ընթացքում վերամշակող ձեռնարկությունների ղեկավարները հավաստիացրին նախարարին, որ ընթացիկ տարում նույնպես մթերման գործընթացը կազմակերպված ընթացք կունենա, ժամանակին և առանց խնդիրների գյուղացուց կմթերվի աճեցված ամբողջ բերքը, վճարումները կկատարվեն ժամանակին:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին