Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արջուտի հանքավայրը ռիսկեր է պարունակում տեղի խմելու աղբյուրների համար

Կարևոր լուրեր Հասարակություն
գոլդ

Այսօր տեղի կունենան «Բակտեկ էկո» ՍՊԸ-ի Արջուտի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումները: Հանքավայրի նախագծի համաձայն` Արջուտի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Լոռու մարզում` Վանաձոր քաղաքից 12.0 կմ, Արջուտ գյուղից և նույնանուն կայարանից 4.0 և 5.0 կմ դեպի հյուսիս-արևմուտք հեռավորության վրա, Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին, Փամբակ գետի ձախ ափին: Բացահանքի օտարման տարածքը կազմում է 15.7հա, իսկ լցակույտինը` 13.6հա: Հողատարածքը պայմանագրային կարգով տրամադրվելու է «Բակտեն Էկո» ՍՊԸ-ին: Հողատարածքի պայմանագրային արժեքը գնահատվել է ընդամենը 15.0հազար դրամ մեկ հեկտար տարածքի համար, երբ այս տարածքում 2231.3 հազար տոննա սուլֆիդային հանքաքարում կա 3080.9կգ ոսկի, 17.64տ արծաթ և 6821տ պղինձ, իսկ օքսիդացված 192.4հազար տ հանքաքարում կա 386.50 կգ ոսկի, 2.75տ արծաթ: Հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով, 2 փուլով: 1-ին փուլում շահագործվելու են օքսիդացված հանքաքարերը, 2-րդ փուլում սուլֆիդային հանքաքարերը: Առաջին փուլը տևելու է 2 տարի, իսկ երկրորդ փուլը` 24 տարի: Բացահանքի տարեկան արտադրողականությունը կազմելու է 100.0հազար տ ապրանքային հանքաքար: Արդյունահանված հանքաքարերը տեղափոխելու են մինչև 30կմ հեռավորության վրա գտնվող Արմանիսի հանքահարստացուցիչ ֆաբրիկա: Բացահանքում 1-ին փուլում աշխատելու է 27 մարդ, 2-րդ փուլում` 55 մարդ: Նշվում է, որ աշխատուժը լինելու է Արջուտ համայնքից: Ռեկուլտիվացվելու է միայն լցակույտի տարածքը: Նախագծում նշված է, որ հանքավայրի տարածքին բնորոշ են սևահողը, ալրային կարբոնատացված հողերը, որոնք պիտանի չեն գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման համար: Կենդանական աշխարհից հանդիպում են` լճագորտ, ժայռային մողես, գայլ, աղվես, սովորական լորտու, սովորական դաշտամուկ, մոխրագույն առնետ, քարակզաքիս, աքիս և անողնաշարավոր կենդանիներ: Բուսականության տեսանկյունից տարածքն աղքատ է, Կարմիր գրքում նշված բույսեր չկան: Չնայած սրան` նախագծում նշված է. «Հանքավայրի ուսումնասիրված տարածքում կան բազմաթիվ լեռնային աղբյուրներ, որոնց ջուրը պիտանի է խմելու համար: Շրջանում կան նաև տարբեր հանքային ջրերի աղբյուրներ»: Նշենք, որ գնահատված չէ, թե նախագիծն ինչ ռիսկեր է պարունակում այդ աղբյուրների վրա: Առավել ևս այն պարագայում, որ, հանքավայրը շահագործելիս, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, որոնք կարող են վնասել ջրային աղբյուրները, ինչպես նաև թունավորել ջրերը տոքսիկ նյութերով: Էկոլուր