Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդարացման դատական ակտ՝ 10 տարի անց (տեսանյութ)

Հասարակություն
artak-gabrielyan

10 տարվա դատական քաշքշուկից հետո այսօր 76-ամյա Արտակ Գաբրիելյանը արդարացվեց։ Նա մեղադրվում էր իշխանությունը զավթելու կոչեր անելու համար։ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանը գտավ, որ Արտակ Գաբրիելյանի արարքում հանցակազմը բացակայում է։ Դատարանի այսօրվա որոշումը զարմացրել էր կոմունիստական կուսակցության անդամին։ «Չեմ կարող իմ գոհունակությունը բառերով արտահայտել։ Գտնվեց մի դատավոր, որը բառացիորեն կողմնորոշվեց իմ անմեղության մեջ»,- «Ա1+»-ին ասաց Արտակ Գաբրիելյանը։ Դեպքը տեղի էր ունեցել 2004 թ –ին։ Ազգային միաբանություն կուսակցության գրասենյակից ստանալով «Հայաստանում օրինական իշխանություն հաստատելու նպատակով» 2004 թ. ապրիլի 9-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի թռուցիկներ, դրանք բաժանել էր քաղաքացիներին։ Արդյունքում դատապարտվել 1 տարի ազատազրկման, որից հետո պայմանականորեն ազատ էր արձակվել: Մինչ դատարանի որոշումը՝ նա 2 ամիս գտնվել է կալանքի տակ: Դատավճիռը բողոքարկվել էր Վերաքննիչ, Վճռաբեկ, այնուհետեւ Եվրոպական դատարան։ Եվրոպական դատարանը վճռել էր, որ Հայաստանի դատական ատյանները չեն իրականացրել հավասար քննություն, ինչպես նաեւ օբյեկտիվ դատավարություն տեղի չի ունեցել: Իշխանությունների տապալման կոչ անելը, Արտակ Գաբրիելյանը նույնիսկ ծիծաղելի է համարում։ «Իշխանությունը պետք է հետ կանչել միայն ընտրությունների եւ հեղափոխության միջոցով, հեղափոխությունը ինչպես կորոշի, թե ինչպես հետ կանչի»,- ասաց նա Թեեւ Արտակ Գաբրիելյանը մեղադրվում է «Ազգային միաբանություն» կուսակցության թռուցիկներ բաժանելու համար, սակայն Արտաշես Գեղամյանը, ըստ Արտակ Գաբրիելյանի, երբեք չի հետաքրքրվել այս դատական գործով. «Նրան ինչ կա, նրա համար նշանակություն չունի՝ ում կպատժեն, ինչ կանեն, միայն ինքը ջրի երեսին լինի»։ Թե որոնք կլինեն հետագա քայլերը, Արտակ Գաբրիելյանը նախընտրում է այս պահին չբարձրաձայնել։