Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Չախալյանի կոչը՝ Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակման առնչությամբ

Կարևոր լուրեր Հասարակություն
ejmiacin-vrastan

2014 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել Վահագն Չախալյանը. Սույնով, ջավախահայության անունից դատապարտում ենք 2014 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու վրա իրականացված հարձակումը: Օրը ցերեկով, մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից իրականացված նման ոտնձգությունը հայոց սրբավայրի նկատմամբ ոչ միայն անընդունելի եւ դատապարտելի է, այլ նաեւ օրենքով պատժելի: Արդ, Վրաստանում ազգային եւ կրոնական բաղադրիչ պարունակող ցանկացած պառակտում կանխելու նպատակով կոչ ենք ուղղում Վրաստանի իրավապահ եւ քաղաքական մարմիններին՝ անհապաղ բացահայտել, հրապարակել կրոնական եւ ազգային հողի վրա իրականացված հանցագործության կազմակերպողների եւ մասնակիցների ինքնությունը եւ օրենքի ամենայն խստությամբ նրանց ենթարկել պատասխանատվության: Այս առիթով վերահաստատում ենք մեր քաղաքական կամքը՝ հնարավոր բոլոր դեպքերում եւ զարգացումներում, հետեւողականորեն շարունակելու պայքարը ջավախահայության եւ Վրաստանի ամբողջ հայության արդար իրավունքների եւ անվտանգության պաշտպանության համար: Հիշեցնենք՝  հուլիսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային եւ կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր դասի, թեմի պաշտոնեության եւ հավատացյալների վրա: Նույն օրը, կեսօրին ոմն վրացուհի եկեղեցու պարսպի մոտ կայանել է իր մեքենան եւ չի կարողացել այն դուրս բերել՝ խոչընդոտող այլ մեքենաների  պատճառով: Նրան օգնություն են առաջարկել Հայ Եկեղեցու հոգեւորականը եւ թեմի պաշտոնյաները: Սակայն կինը մերժել եւ զանգահարել է իր մտերիմներին, ովքեր գալով՝ եկեղեցու բակի մոտ օգնել են դուրս բերել մեքենան՝ միաժամանակ ազգային բնույթի հայհոյանքներ տալով հայ հոգեւորականի եւ Առաջնորդարանի պաշտոնեության հասցեին: Եկեղեցու աշխատակիցներից մի քանիսը մոտեցել են, որ կարգի հրավիրեն նրանց, սակայն վերոնշյալները շարունակել են իրենց խուլիգանական պահվածքը եւ նույնիսկ հարվածել եկեղեցու պաշտոնյային, ինչն էլ պատճառ է դարձել ծեծկռտուքի: Կարճ ժամանակ անց երկու կողմերն էլ հեռացել են: Երեկոյան կողմ նույն խումբը, հավաքագրելով մոտ 50 հոգի, հարձակվել են եկեղեցու առջեւ կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի Իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լեւոն Իսախանյանի եւ տնտեսվար Ռոբերտ Իսախանյանի վրա եւ դաժանորեն ծեծել նրանց՝ մարմնական վնասվածքներ հասցնելով հոգեւորականներին եւ Առաջնորդարանի աշխատակիցներին: Հարձակվողները պոկել են հոգեւորականներից մեկի լանջախաչը եւ վերցրել են իրենց հետ: Այդ պահին եկեղեցուց դուրս են եկել մկրտության արարողության մասնակիցներ, ովքեր փորձել են կարգի հրավիրել հարձակվող ամբոխին, սակայն եկեղեցու դեմ հարձակվողներն այս անգամ ուժ են կիրառել նաեւ մկրտության եկած ժողովրդի վրա, որոնց մեջ եղել են կանայք եւ երեխաներ, ովքեր այդ տեսարանից երկյուղած, նորից ետ՝ եկեղեցի են մտել: Այդ դաժան տեսարանները նկարահանվել են «Հայարտան» դիտարկող տեսախցիկներով: Մինչեւ ոստիկանների մոտենալը, Առաջնորդարանի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը իրեն ամրակցված օրինական զենքից մի քանի անգամ կրակել է օդ եւ հանդարտեցրել կռվողներին: Այս պահի դրությամբ քրեական գործ է հարուցվել եւ ընթանում է քննություն: Բավական լուրջ վնասվածքներ է ստացել Լեւոն Իսախանյանը, ում տրվել է դատաբժշկական ուղեգիր: Ականատեսները պատմում են, թե հարձակվող ամբոխը ինչպիսի ազգային ատելությամբ է լցված եղել հայության հանդեպ: