Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արթո՛ւր, դու ընտրություն չունես» (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM89316_copy

Ինչու 2008թ-ի նախագահական ընտրություններից հետո ՕԵԿ-ը միացավ իշխանություններին։«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ բացատրեց, թե ինչու են ասում, որ «Արթուր Բաղդասարյանը 2008թ-ի նախագահական ընտրություններին դավաճանեց ժողովրդին, միացավ Սերժ Սարգսյանին և պատասխանատվություն է կրում «Մարտի 1-ի» սպանությունների համար»։ «Քարոզարշավի ուղիղ կեսին Լևոն Տեր-Պետրոսյանը ՕԵԿ գրասենյակում ինձ ասաց. «Արթո՛ւր, դու ընտրություն չունես. կա՛մ պետք է միանաս ինձ, կա՛մ քեզ քաղաքականապես կոչնչացնեմ»,- պատմեց Արթուր Բաղդասարյանը: Վերջինիս ասելով՝ ինքն առաջարկել է համագործակցել, բայց ստացել է բացասական պատասխան. «Ես միայնակ իմ թիմով ու սատարող ժողովրդով մասնակցել եմ ընտրություններին և ընդամենը մեկ-երկու տոկոսով եմ զիջել Լևոն Տեր-Պետրոսյանին, որին քսանից ավելի կուսակցություններին էին սատարում։ Ընտրություններից հետո ես չեմ հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին երկու պատճառով։ Նախ՝ նման առաջարկ չէր եղել, և երկրորդ՝ խորապես վիրավորված՝ մեր թիմին արգելում էի նախաձեռնություն ցուցաբերել»,- ասաց նա։   Ինչ վերաբերում է Մարտի 1-ին. «Հիմա ովքե՞ր են մեղավոր մարտյան դեպքերի համար, մեղավորները նախ ընտրական գործընթացների երկու հիմնական դերակատարներն են՝ մի կողմից իշխանությունը, մյուս կողմից՝ հրապարակը գրաված, բայց ժողովրդին ծրագիր չառաջարկող ընդդիմությունը: Նման իրավիճակներում փնտրում են մեղավորներ, իսկ ամենահարմար մեղավորն ո՞վ կարող էր լինել, եթե ոչ ՕԵԿ-ը, քանի որ մենք արդեն թիրախ էինք եղել և պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևը այդ պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելն է»: