Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը (տեսանյութ)

Քաղաքականություն
a094ce04050c1ecf6c3738dc3bca1ddd

Եվրամիությունը հաստատապես աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այսօր Երևանում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան. «Եվրամիությունը հավատում է, որ Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև դիալոգը ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում»,- ընդգծեց դեսպանը։ Ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու առաջարկներ ներկայացնելու հրավեր։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում։ Այն մեկնարկել է 2014թ.-ի հունվարին և տևելու է 18 ամիս։ Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։ Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. «Ծրագիրը ունի բավականին հետաքրքրություն մասնավորապես քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի շրջանում։ Այն ուղղված է երկու երկրների հասարակությունների նորմալացմանը։ Ճակատագրով հարևանները պետք է համարձակություն ունենան առերեսվելու իրենց անցյալի, ներկայի և ապագայի խրթին հարցերի հետ և ձգտեն դեպի հարաբերությունների կարգավորմանը»,- նշեց Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նպաստելու է նաև երկու երկրներում ժողովրդավարության հաստատմանը։ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն էլ հավելեց, որ օրըստօրե Թուրքիայում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են ճանաչել իրենց անցյալը. «Քաղաքացիական հասարակության մակարդակով այս երկրում Ցեղասպանության ճանաչում է տեղի ունենում։ Միաժամանակ Հայաստանում սկսում են այլ կերպ վերաբերվել ներկայիս թուրքերին»,- ասաց պարոն Տեր Գաբրիելյանը։ Նշենք, որ Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 200,000 եվրո, որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 5,000-ից մինչև 30,000 եվրո դրամաշնորհ շուրջ 20 դիմող անհատներին և կազմակերպություններին։ Ծրագրի ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 15-ը։