Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսու վարորդները բողոքում են անհավասար պայմաններից (տեսանյութ)

Հասարակություն
taxi

Շուրջ երկու տասնյակ տաքսիստներ այսօր ակցիա էին կազմակերպել` բարձրաձայնելով օրենսդրական դաշտի անկայունության մասին. «Ներկայիս օրենքը առաջացնում է քաոսային վիճակ` օրինական, անօրինական, բոլորը խառնվել են, ապահովագրությունը չի կարողանում թացը չորից տարբերի»,- նշում է տաքսու իրավունքների պաշտպանությունից հանդես եկող «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը: Իսկ անհավասարությունը նախևառաջ պայմանավորված է համարանիշների գույնով և հարկերով: «Կան օրինական ձեռնարկություններ, որոնք վճարներ են կատարում, լիցենզիայի և այլն, իսկ մարդը, որ շրջանցել է այդ ամենը, նա առաջացնում է անհավասար պայմաններ»,- տեղեկացրեց «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Այս պահին Ազգային ժողովում է գտնվում դաշտը կարգավորող օրենսդրական նախագիծը, որը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է: Այն ունի երեք բաց կետ՝ պնդում է պարոն Պողոսյանը. «Նախ տարբերանշանը հանվում է, բացի այդ, տեխզննումը և բուժզննումը նույնպես հանվում են»: Այսօրվա ակցիային վարորդները հրավեր էին ուղարկել նաև տրանսպորտի և կապի նախարարություն: Գերատեսչության պատասխանատուն եկավ մեկ ժամ ուշացմամբ, և ևս 20 րոպե պարզում էր, թե ինչու են լրագրողները շատ, իսկ տաքսու վարորդներ չկան: Ի վերջո, Կապի և տրանսպորտի նախարարության աշխատակազմի պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը պատասխանեց լրագրողների հարցին` նշելով, որ եթե օրենքը ընդունվի, այլևս նման բողոքի ակցիաներ չեն լինի: Նա նաև տեղեկացրեց, որ օրենքով բուժզննումն ու տեխզննումը կհանվեն. «Որովհետև դա այսօր փաստացի չի իրականացվում»,- ասաց նա: Պաշտոնյան նաև հավելեց, որ օրենքը պաշտպանում է ինչպես սպառողների, այնպես էլ տաքսու վարորդների իրավունքները: