Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6200 հեկտար հող մնացել է առանց ջուր (տեսանյութ)

Հասարակություն
1_17

«Էկոլուր» լրատվական ակումբում այսօր տեղի ունեցավ «Բիբլիական աղետ» ֆիլմի շնորհանդեսը, որին հաջորդեց ֆիլմի քննարկումը: «Էկոլուրի» կողմից պատրաստված ֆիլմը պատմում է Արարատի և Արմավիրի մարզերի գյուղերի ոռոգման, ջրի սակավության խնդիրների մասին, ինչպես նաև անդրադառնում Սևանա լճի ջրի լրացուցիչ բացթողումներին: Ֆիլմում բնապահպանները ահազանգում են, որ Արարատյան դաշտում արդեն օգտագործում են չվերականգնվող ջրային պաշարները: «ՀՀ բնապահպանության նախարարությունը ձկնաբուծարաններին տրամադրել է 1 միլիարդ 496 միլիոն խմ ստորերկրյա ջրի ջրօգտագործման թույլտվություն, ինչը տեղանքի վերականգնվող պաշարից 300 միլիոն խմ-ով ավելի է: Արդյունքում 7 տարվա ընթացքում 303 հորերից 122-ը չորացել են: Չորացել են նաև աղբյուրները: Ակնա լճի ջրի հոսքը նվազել է 75 տոկոսով: 6200 հեկտար հող մնացել է առանց ջուր:Ստեղծված ծանր իրավիճակը օգտագործվեց Սևանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնելու համար, ինչը կհանգեցնի մեկ այլ աղետի` երկիրը թողնելով առանց քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարների:Սևանա լճից ջրի բացթողումների ծավալի ավելացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը հավանության է արժանացել ՀՀ Ազգային ժողովի կողմից»,- ասվում էր ֆիլմում: Ֆիլմի քննարկմանը ներկա էին ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, բնապահպաններ: Քննարկմանը ներկա Ջրային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանին դուր չեկան ֆիլմի քննադատությունները կառավարության հասցեին. «Կառավարությունը հստակ քայլեր է նախատեսում այս սակավաջրության հետ կապված խնդիրների մեղմման, ոռոգման, ջրամատակարարման արդյունավետ կառավարման և Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված»: Պարոն Մկրտումյանը վրդովված էր նաև ֆիլմում ջրօգտագործողների վճարումների մասին պատմող հատվածից. «ՀՀ-ում ոռոգման ոլորտը սուբսիդավորվում է և այսօր վճարը սահմանված է 11 դրամ, բայց չպետք է լիներ 11 դրամ, այլ կրկնակի անգամ շատ, մինչդեռ կառավարությունը, պետությունը օգնում է`սուբսիդավորելով ոլորտը»,-վստահեցրեց նա: «Էկոլուր» լրատվական ակումբի ղեկավար Ինգա Զարաֆյանը տեղեկացրեց, որ քննարկման վերջում կկազմվի առաջարկների փաթեթ, որը կներկայացվի և կառավարությանը, և ԱԺ-ին: