Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հուլիսին սպասվում է զով ամառ (տեսանյութ)

Այս տարվա հուլիսին հանրապետության տարածքում կանխատեսվում է զով ամառ։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրեց, թե ինչպիսին է լինելու այս տարվա հուլիս ամիսը։ Տեղումների քանակը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում եւ Գեղարքունիքում սպասվում է նորմայից բարձր, իսկ Հանրապետության հարավային շրջաններում՝ Վայոց Ձորում եւ Սյունիքում, սպասվում է նորմայից պակաս։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրեր կդիտվի՝ գիշերը ջերմաստիճանի նվազում մինչեւ 5-8 աստիճան եւ ցերեկը ջերմաստիճանի բարձրացում՝ 30-33 աստիճան։ Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռներում առանձին օրեր օդի ջերմաստիճանը կնվազի գիշերը մինչեւ 6-10 աստիճան, ցերեկը կբարձրանա 30-34 աստիճանի սահմաններում։ Արարատյան դաշտի ու Սյունիքի հովտային գոտիներում՝այսինքն Հանրապետության ամենաշոգ գոտիներում, օդի ջերմաստիճանը կնվազի 12-6 աստիճանով, իսկ ցերեկը չի բացառվում, որ մեկ-երկու օր ջերմաստիճանը բարձրանա 37-38 աստիճան։ Ջերմաստիճանը մայրաքաղաքում կտատանվի 32-34 աստիճանի սահմաններում։ Սա այն ջերմաստիճանն է ,որը համահունչ է մեր սովորական հուլիսներին։ Արտառոց շոգ հուլիս ամսվա ընթացքում չի կանխատեսվում։ Անձրեւների պակաս չենք ունենա։ Հատկապես առատ տեղումներ կլինեն Հանրապետության հյուսիսային շրջաններում։ Մեծ է կարկտահարման վտանգը։ Խոսելով ամռան մասին՝ մասնագետը տեղեկացրեց՝ հունիսը անձրեւային էր,ինչը պայմանավորված է այս տարվա ամռան առանձնահատկությամբ, քանի որ Սեւ ծովից ժամանակ առ ժամանակ մեր երկրի տարածք տեղափոխվում են ցուրտ մթնոլորտային ճակատներ եւ հանդիպելով մեր երկրի արեւադարձային տաք օդի հետ առաջացնում են կարկտաբեր ամպամածություն։ Առաջիկա հինգ օրերին հատկապես հյուսիսային մարզերում կշարունակվեն անձրեւներն ու ամպրոպները, իսկ առանձին հատվածներում՝ կարկուտ։