Օսիպյանը Զուրաբյանից օգնություն է խնդրում (տեսանյութ)
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը քիչ առաջ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին հայտնեց, որ 2 հոգի կարող է ներս մտնել։ Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց ակցիայի մասնակիցներին՝ հետեւել այդ առաջարկին եւ յուրաքանչյուր 5 րոպեն մեկ 2-ական հոգով փոխարինել միմյանց։ Հավաքվածները չհամաձայնեցին՝ «ամոթ-ամոթ» վանկարկումներով. նրանք պահանջում են ապահովել բոլորի մասնակցությունը։ Սակայն քիչ անց մասնակիցներից մեկը ցանկություն հայտնեց ներս մտնել, ինչը առաջացրեց ցուցարարների դժգոհությունը, վիճաբանություն տեղի ունեցավ, սակայն այդ ցուցարարը ներս գնաց։ Չհամաձայնելով հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկի հետ՝ ակցիայի մասնակիցները 5 րոպե տվեցին ոստիկանությանը եւ հանձնաժողովին, որպեսզի վերջիններս կամ դադարեցնեն նիստը, կամ ապահովեն իրենց մասնակցությունը, հակառակ պարագայում կդիմեն այլ քայլերի։ Ցուցարարների այս կոչից հետո Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բարձրախոսով դիմեց ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանին. «Պարոն Զուրաբյան ջան, խնդրում եմ որպես պատգամավոր հանդարտեցրեք ժողովրդին, դուք տեսնում եք, որ իրենք անհնազանդություն են քարոզում, դուք կարող եք կանխել այն»։ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ որեւէ անօրինական գործողություն չկա։ Փոխոստիկանապետը դիմեց ցուցարարներին. «Ես գիտեմ, որ ձեր մեջ կան սադրիչներ, որոնք այլ նպատակով են այստեղ։ Դուք բռնություն եք ուզում, ոստիկանությունը չի գնա այդ քայլին»։