Սիրած աղջկան փախցնելու համար՝ 4 տարի
Ազգությամբ եզդի Սիաբան Ազմանյանը պատրաստվում է հենց Հանրապետության հրապարակում՝ բոլորի աչքի առջեւ, ընտանիքով նստացույց եւ հացադուլ սկսել, եթե որդու նկատմամբ կայացված դատավճիռը չբեկանվի։ Նրա որդին՝ Էդիկ Ազմանյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման սիրած աղջկան՝ անչափահաս Նարինե Ալիյանին փախցնելու համար։ Աղջիկը, սակայն, դատարանում հայտարարել է, որ որեւէ բողոք չունի։ Պատմությունը սկսվել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին աղջկան փախցնելուց հետո, մեքենան կանգնեցրել են ոստիկանները եւ աղջիկը հայտարարել է, որ իրեն իր կամքից անկախ փախցնում են։ Իսկ ոստիկանությունում արդեն ստիպել են ցուցմունք գրել Էդիկի դեմ։ Դատարանում խնդրել է արդարացնել Էդիկին, քանի որ սիրում են միմյանց։ «Մի՞թե ամուսնանալը հանցագործություն է։ Աղջիկը մեր տանն է ապրում, ո՞նց կարելի է դատել, եթե աղջիկը չի բողոքում»,- «Ա1+»-ին ասաց Սիաբան Ազմանյանը։ Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատավճիռը թողել է անփոփոխ։ «Նարինեն դատարանին աղաչեց՝ թողեք, ընտանիքը մի քանդեք։ Արդյո՞ք դու չնայեցիր այդ սիրահարված երեխաների աչքերին, դու բռնեցիր ընտանիքը քանդեցիր։ Ասում են՝ Հայաստանում ծնելիություն չկա, թող բազմանան էլի»,- նշում է Էդիկի հայրը՝ Սիաբան Ազմանյանը։ Նա հիշեցնում է, որ եզդի համայնքում աղջիկները շատ շուտ են ամուսնանում՝ 14-15 տարեկանում, ավելի ուշ համարվում են տանը մնացած։ Սիաբան Ազմանյանը Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրությունը ցանկանում է հրավիրել այս դատական գործի վրա։