Հայ ծիրանավաճառը 10 հազար դրամով 2 կգ ծիրան վաճառեց ռուս լրագրողին (տեսանյութ)
Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների այսօրվա ասուլիսը ռուսերեն էր եւ չէր թարգմանվում. «Մեր երկու երկրների նախագահների ցանկացած հանդիպում մեզ տալիս է նոր կողմնորոշիչներ՝ ուղղված առաջիկա եւ երկարատեւ հեռանկարներին»,- ասում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Մեր կապիտալի ներդրումը Հայաստանի տնտեսությունում ավելի քան 3 միլիարդ դրամ է, այստեղ աշխատում են ռուսական բիզնեսի լիդերները՝ «Գազպրոմը», «ՀարավԿովկասյան երկաթուղին», ՎՏԲ-ն, «ԻնտերՌաոԵՍ»-ը, «Ռուսական ալյումինը», «Սիստեման»)։ Սերգեյ Լավրովն իր խոսքում անդրադարձավ Ղարաբաղի խնդրին։ Ռուսաստանն, ըստ նրա, հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության արագ լուծումով։ Այդ երկրի արտգործնախարարի կարծիքով՝ խնդրի լուծման համար բավարար բազա կա. «Ես նկատի ունեմ այն սկզբունքները, որոնք կան երեք երկրների նախագահների վերջին 5 տարում արված հայտարարություններում, եւ հիմա գլխավորը գործնական իրականացման պարամետրերը համաձայնեցնելն է եւ հետեւողականությունը»։ Լրագրողներից մեկը մեր արտգործնախարարից հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ուներ Ադրբեջանի արտգործնախարարը, երբ հստակություն էր պահանջում Ֆրանսուա Օլանդի այն առաջարկության առիթով, որով վերջինս ցանկություն էր հայտնում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Փարիզում։ Ըստ Էդվարդ Նալբանդյանի, Օլանդի առաջարկը կարգին հստակ էր եւ չի բացառվում, որ դա Բաքվի սրտով չէր. «Վերջին օրերին, չգիտես ինչու, Բաքվի սրտով չէ համանախագահների առաջարկությունները փոխվստահության, հրադադարի պահպանման, հակամարտության գծից դիպուկահարների դուրս բերման առումով»։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասում է. «Մեր ֆրանսիացի գործընկերները, Մինսկի խմբի եռանախագահներն առաջադրում են այն գաղափարները, որոնք թույլ կտան գործնական դարձնել սկզբունքները համաձայնեցված համանախագահների կողմից»։ Լավրովի եւ Նալբանդյանի ասուլիսին ներկա էին նաեւ ռուս լրագրողներ, որոնց ասուլիսի ավարտից հետո արտգործնախարարության շենքի դիմաց բռնացրեց հայ ծիրանավաճառը։ Երկու կիլոգրամ ծիրանն այս մարդը ռուս աղջկան վաճառեց 10 հազար դրամով։ «Իրենց ծախած գազի ու էլեկտրաէներգիայի գների դեմն առնելու ուրիշ ձեւ չունեմ»,-անկեղծացավ ծիրանավաճառը։