Արամ Կարապետյանը համաձայն է Սերժ Սարգսյանի հետ (տեսանյութ)
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը միայն մեկ հարցում համաձայն է Սերժ Սարգսյանի հետ՝ ՄՄ-ին անդամակցելիս իրենից Ղարաբաղը պաշտպանել պետք չէ, դա ոչ միայն վիրավորական է, այլ նաեւ` անհեթեթ։ «Ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը, որ պաշտպանեն կամ չպաշտպանեն։ Աշխարհի քաղաքականության մեջ միայն ներքին պայմանավորվածություններով խնդիր չի լուծվում, որովհետեւ դիմակայություն կա։ Եթե վաղը Սերժ Սարգսյանը բարձրանա եւ հայտարարի, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի անքակտելի մասն է, նույնը ասի Պուտինը, Բուշը, Օբաման, ոչինչ չի փոփոխվելու, եւ հարցը լուծվելու է պատերազմով կամ բոլոր կողմերին բավարարելով, կամ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, ինչն ինձ ավելի է վախեցնում»,- այսօր նշեց Արամ Կարապետյանը։ ՆԺԿ նախագահը դեմ է ԼՂ ճանաչման խնդիրը դնելուն։ Նրա խոսքերով՝ միայն Ադրբեջանը պետք է մտածի Մաքսային սահման դրվելու է, թե՝ ոչ։ Իսկ եթե Ադրբեջանը համաձայնի մտնել Մաքսային միություն, ապա հաջորդ իսկ օրը պետք է ընդհանուր սահման գործի, եւ արգելվելու է պատերազմական եւ պատժիչ գործողություններ կատարելը։ Միաժամանակ անդրադառնալով քառյակի ներկայացրած 12 կետերում այդպես էլ արտաքին քաղաքականության հետ կապված հստակ մոտեցում չցուցաբերելուն, Արամ Կարապետյանը նշեց, որ քառյակի գործունեությունը հենց սկզբից էլ նպատակաուղղված է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխելուն, ինչը ստացվեց։ Նրա խոսքերով՝ քաղաքական թեմաները ի հայտ կգան սեպտեմբեր ամսից։ Ի դեպ, Արամ Կարապետյանը համոզված է, որ քառյակից եռյակը հոգու խորքում դեմ է, որ Հայաստանը գնա Եվրասիական տնտեսական միություն։