Ոստիկանությունը օֆշորի գործով ձերբակալված Ա. Սուքիասյանից տեղեկություն չունի
Արդեն 10 օր է անցել, ինչ Վրաստանի արդարադատության նախարարը որոշում է կայացրել օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանին Հայաստան վերադարձնելու մասին, սակայն առայժմ որեւէ նորություն չկա։ Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ դեռ Երեւան չի տեղափոխվել եւ երբ հետախուզվողը տեղափոխվի, բոլորին տեղյակ կպահեն։ Իսկ Աշոտ Սուքիասյանի առողջական վիճակի մասին տեղեկատվության ոստիկանությունը եւս չէր տիրապետում։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի 17-ից հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանն այս տարվա հունվարի 31-ին Վրաստանում ձերբակալվեց։ Գործարար Աշոտ Սուքիասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել գործարար Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա։ Ըստ Փայլակ Հայրապետյանի դիմումի` «Ձորագյուղ»-ի տնօրեն Աշոտ Սուքիասյանը Հայրապետյանի գույքը բանկերում գրավադրելու խարդախությամբ, 10 000 աշխատատեղ հիմնելու ու մի շարք այլ պատրվակներով, չարաշահելով իր վստահությունը, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից խաբեությամբ ձեռք է բերել 10,7 մլն ԱՄՆ դոլարի վարկ, սակայն չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես ծրագրով նախատեսված պարտավորությունը, այլ նշված գումարը փոխանցել է արտերկրում գործող իր և իր ծանոթների բանկային տարբեր հաշիվներին: Աշոտ Սուքիասյանի անունը մամուլում կրկին սկսեց շրջանառվել, երբ «Հետք»-ը հրապարակեց հոդված «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը», ըստ որի՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Կիպրոսում օֆշորային գոտում գրանցված ընկերություններից մեկի բաժնետեր է, եւ նրա գործընկերներն են վարչապետ Տիգրան Սարգսյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը: Ըստ նույն հրապարակման՝ նրանք մասնակցություն են ունեցել գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման գործին: