Դմիտրի Կիսելյով. Հայաստանն ինքը քայլեր պետք է անի (տեսանյութ)
ՀՀ ԱԺ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամական խորհրդարանական ակումբում հյուրընկալվել էր ռուս հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, լրագրողներ և լրատվական դաշտում գործող հ/կ-ների ներկայացուցիչներ: «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը կարծում է, որ հիմա արդիական չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը։ «Մինչև մենք հիմա այստեղ խոսում ենք, կարող է շատ բան պատահել: Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում կան բազմաթիվ վտանգներ»,- ասել է Կիսելյովը։ Ըստ նրա՝ ԼՂՀ ճանաչումը Ռուսաստանից պահանջելուց առաջ Հայաստանն ինքը քայլեր պետք է անի, բայց կատարվում է հակառակը, օրինակ՝ ռուսաց լեզվի դերը Հայաստանում փոքրանում է օրեցօր: «Ես այսօր տաքսի նստեցի, 20 տարեկան տղան ռուսերեն անգամ հաշվել չկարողացավ։ Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք: Եթե մենք խոսում ենք տրենդներից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»,- ասել է Դմիտրի Կիսելյովը: