Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորը կոչ է անում հայտնաբերել քիմկոմբինատի սեփականատերերին

Քաղաքականություն
5c3b0ec5356c845d1d63ffd18d64028e

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության խնդրի վերաբերյալ Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ գործընկերներ, Այսօր քիմկոմբինատի 100-ից ավելի աշխատակիցներ ցույցի են դուրս եկել Վանաձորում՝ պահանջելով չվճարված աշխատավարձերի եւ իրենց հետագա աշխատանքի խնդիրների լուծումը: Քիմկոմբինատի ապագան դեռեւս մշուշոտ է: Այս առնչությամբ դեռեւս նախորդ տարվա նոյեմբեր ամսին գրությամբ, իսկ այնուհետեւ խորհրդարանում բանավոր հարցով դիմել եմ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության դրության եւ դրա աշխատակիցների չվճարված աշխատավարձերի խնդրով: Նախարարը հայտնել է, որ մոտ ապագայում սպասվում են ներդրումներ, որոնք հնարավորություն կտան վճարելու ընկերության աշխատակիցների աշխատավարձերը եւ որ Կառավարությունը նպատակ է դրել աջակցելու, հնարավոր օգնություն ցուցաբերելու «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության վերագործարկման գործում: Այնինչ, երեկ կրկին անգամ դիմում եմ ստացել ընկերության աշխատակիցներից առ այն, որ նրանց կողմից բարձրացված հարցերն այդպես էլ լուծում չեն ստացել, ավելին՝ խնդիրը գնալով ավելի արմատական բնույթ է ստանում: Ընկերության աշխատակիցների խոսքով՝ լուծում չստացած է մնում Վանաձորի քիմիական կոմբինատի (նաեւ ողջ համալիրի) աշխատողների ինչպես հետագա աշխատանքի, այնպես էլ կուտակված աշխատավարձերի վճարման հարցը: Դիմողները հայտնում են, որ աշխատողների գրեթե կեսը, այսինքն` մոտավորապես 250 հոգի, իսկ ՋԷԿ-ում մոտավորապես 80 հոգի 129 հաստիքային աշխատողից, այսինքն, ավելի, քան 300 հոգի, դեռեւս հունվարից գտնվում են հարկադիր պարապուրդում` 2/3 աշխատավարձով: Ընդհանուր առմամբ, աշխատակիցներն արդեն 10 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ եմ անում կառավարությանը միջոցներ ձեռնարկել հայտնաբերել ընկերության սեփականատերերին եւ բոլոր միջոցներով պարտավորեցնել, որպեսզի մարեն քաղաքացիների հանդեպ կուտակված պարտավորությունները: Շնորհակալություն: