Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ մամուլի քարտուղարը պարզաբանում է. «Մենք որևէ մեկի կարիքը չունենք»

Քաղաքականություն
f716630e27346a33415fd60594ea0537

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը խուճապ եւ անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում։ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր. «Հարգելի՛ հայրենակիցներ, հատկապես՝ լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ, խնդրում ենք մի տրվեք խուճապի և ապատեղեկատվության, ոչ մեկի ոչ մի տեղից չեն տարհանում: Մեկ ամիս առաջ էլ Տավուշն էիք հանձնել հակառակորդին: Եթե մենք հայտարարում ենք, որ իրավիճակը վերահսկվում է, ուրեմն այդպես է, այլապես այլ բան կլիներ: Հ.Գ. Տաքուկ սենյակներից հեշտ է քննադատություններ անելն ու հրամաններ արձակելը: Նրանք, ովքեր պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ»: Հատկապես վերջին նախադասությունը տարընթերցումների ու քննադատությունների առիթ է դարձել։ Հարցին անդրադարձել է նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ գրելով. «ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը հայտարարել է, որ այն մարդիկ ովքեր ցանկանում են կանգնել սահմանին թող դիմեն իրենց: Այս հայտարարությունից բոլորովին լավ հոտ չի գալիս՝ խուճապ առաջացնելուց բացի: Հարգելի ՊՆ, ի՞նչ խղճով եք անում նման հայտարարություն, երբ ազատամարտիկները, ի դեմս Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի, հալածվում են անհեթեթ մեղադրանքով, երբ ազատամարտիկներն ունեն ծանրագույն սոցիալական խնդիրներ, երբ իսկական ազատամարտիկների փոխարեն բնակարաններ են ստացել պատահական մարդիկ, նրանց հարցերն արդարացի չեն լուծվել և այսպես շարունակ: Մի՞թե չգիտեիք, որ պատերազմն ավարտված չէ, և գալու է մի ժամանակ, երբ նորից եք նրանց օգնությանը դիմելու: Վստահությունը պետական իշխանության և Ձեր կառույցի նկատմամբ վատնել եք անողոքաբար, մինչև վերջ ու այսօր կոչ եք անում պաշտպանե՞լ մեր երկրի սահմանները։Ես մազաչափ չեմ կասկածում, որ մեր անկաշառ, չծախվող և հայրենասեր տղաներն այսօր էլ են պատրաստ պաշտպանելու մեր հայրենիքը, բայց երաշխիքներ տվեք, որ Աստված մի՛ արասցե, իրենց հետ մի բան պատահի, դուք տեր եք կանգնելու իրենց ընտանիքներին ու երեխաներին»:   Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը քիչ առաջ հանդես է եկել պարզաբանող հայտարարությամբ. «Երեկվա իմ գրառումը բուռն քննարկումների ու տեսակետների հիմք է դարձել: Իհարկե, ոգևորիչ է, որ մեր հասարակությունը այսքան ուշադիր է ու ակտիվ հայրենիքի պաշտպանության գործին: Սակայն մի քանի նկատառում երեկվա հետգրության ընկալման առումով.. 1. Դա ընկավել է ուղղակի հրավեր, մինչդեռ դրա հրավերի հետ ոչ մի կապ չունի. խոսքն այն մասին է, որ մարդիկ, ովքեր ցանկացած այսպիսի դեպքից հետո աղմուկ են բարձրացնում, քննադատություններ անում, իրականում այդ հոխորտացողներից գրեթե ոչ ոք իրական պատրաստակամություն չի հայտնում: 2. Իրականում մենք որևէ մեկի կարիքը չունենք: Ոչ մեկ անգամ է ասվել եւ ավելորդ չեմ համարում նորից ասել. ՊՆ են դիմում հազարավոր նվիրյալներ, իրական նվիրյալներ ` անկախ այդ դիվերսիաներից ու զոհերից: Սակայն մենք նրանց մերժում ենք, քանի որ դրա կարիքը չկա, և բանակը իր առջեւ դրված խնդիրը կատարում է: 3. Ավելորդ չեմ համարում նշել, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Կասպրչիկին հորդորել է իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձեւավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետեւանքներ ունենալու հավանականությամբ: 4. Պարզ է, որ դուք ավելին եք պահանջելու և դա շատ լավ է, սակայն պետք չէ մոռանալ, որ մեզ մոտ պատերազմը չի դադարել: Եվ այս քսան տարիների ընթացքում բանակի` իր խնդիրը կատարելու շնորհիվ է, որ պատերազմը դուք չեք զգում ձեր տանն ու բակում: Բանակի կատարած քայլերը ամեն անգամ չէ որ հեշտությամբ նկատելի ու ընկալելի են: 5. Դարձյալ շնորհակալություն անհանգստության ու պահանջկոտության համար: Վստահ եղեք, որ պաշտպանության գործն իրականում կատարողը հաստատ կրկնակի է զգում պաշտպանությունը ավելի լավը դարձնելու կարևորությունը: 6. Մեր անվտանգության ապահովողը մնում ենք մենք և մեր ԶՈւ-երը, բոլոր տեսանելի քայլերը, որոնք երբեմն դուք քննադատում եք անհրաժեշտություն են, սակայն դրանք չեն փոխարինում զենքին ու զորքին, միայն լրացնում են»: