ՀՀԿ պատգամավորներ. «Աղդամը մեր հայրենիքն է» (տեսանյութ)
Աղդամը մեր հայրենիքի աշխարհագրության մեջ կա՞, թե չկա։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երկար չի տատանվում այս հարցի շուրջ. «Եթե որպես ազգայնական եք ինձ հարցնում, բնականաբար՝ կա»։ Եթե Աղդամը մեր Հայրենիքն է, Ստեփանակերտի մասին հարցնելն ավելորդ է։ Այդ դեպքում որտե՞ղ է Ղարաբաղը պարոն Բաղդասարյանի պատկերացումներով՝ Հայաստանի կազմու՞մ, թե՞ Հայաստանից դուրս. «Ղարաբաղը առանձին միավոր է, եւ մենք որեւէ մեկ անգամ չենք ասել, որ Ղարաբաղը Հայաստանի մեջ է»։ Ըստ պարոն Բաղդասարյանի, Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ մտնու՞մ է Մաքսային միության մեջ, թե՝ ոչ։ Մինչ այդ, սակայն, պետք է կարողանա ճանաչելի դառնալ որպես անկախ պետություն։ Համենայնդեպս, Սերժ Սարգսյանն, ըստ նրա, Ղարաբաղը չի օտարում Հայաստանից. «Կամաց-կամաց Ղարաբաղը ավելի հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն մեզ համար, այլեւ միջազգային հանրության մեջ, որ նա Հայաստանի հետ է, եւ մենք միասնական ենք»։ Պարոն Բաղդասարյանի կուսակից պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նույնպես Աղդամը համարում է հայրենիք։ Ի տարբերություն Հայաստանի, Աղդամը մեծ հայրենիքի մաս է. «Իսկ մեծ Հայրենիքը նա է, ինչ ունեցել ենք եւ, ցավոք սրտի, տարիների ընթացքում կորցրել ենք»։ Ստեփանակերտը նույնիսկ իրավաբանորեն է մեր Հայրենիքը, սակայն արտառոց ոչինչ չկա, որ Եվրասիական տնտեսական միություն ենք գնում առանց իրավաբանական հայրենիքի, Ղարաբաղի հետ մեր կապը դրանից չի տուժելու. «Մի բան էլ ավելին՝ ինչ մենք կփորձենք օգտվել Եվրասիական միությունից որպես տնտեսական խնդիրների լուծում, դա նաեւ ուղիղ ազդեցություն կունենա դրական իմաստով Լեռնային Ղարաբաղի վրա»։ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը Ղարաբաղը Հայաստանից անկախ որեւէ ծրագրից դուրս չի պատկերացնում։ Մինչեւ հիմա միասին ենք եղել։ Իսկ Նազարբաեւի կարդացած նամակն էլ մեզ չէր վերաբերում, այլ՝ Ռուսաստանին. « Իրանք ուղղակի վախեցան ռուսներից, չկարողացան բարձրաձայնել, հիմա ինքը մասնակցում է Ղրիմով հանդերձ»։ Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միություն է հրավիրել նաեւ Ադրբեջանին։ Ըստ Հակոբ Հակոբյանի, դրանից ամենեւին չի ենթադրում, որ Ղարաբաղը որպես Ադրբեջանի իրավաբանական միավորի հետ կմտնի այդ միություն եւ որեւէ մաքսակետ չի լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ. «Եղել ա, չէ՞, ինչ-որ մի ժամանակ, որ չի եղել սահման Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ»։ Ադրբեջանը Ղարաբաղի հետ չի կարող մտնել Եվրասիական միություն, ինքը երկու տասնամյակից ավելի չի տիրապետում Լեռնային Ղարաբաղին, եւ ամբողջ աշխարհն է հասկանում, որ Ղարաբաղը Հայաստանի հետ է։ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանն ասում է. «Եվ համաշխարհային հանրության մեջ, եւ պետությունների մեջ, եւ Եվրասիական տնտեսական համագործակցության ղեկավարների մեջ, եւ Մինսկի խմբի համանախագահների համար Լեռնային Ղարաբաղի ընկալումը ամենեւին էլ Ադրբեջանի հետ չէ»։ Ադրբեջանի անդամակցումը Եվրասիական միությանը պարոն Նիկոյանին լուրջ չի թվում, բայց եթե դա տեղի ունենա, պետք է լրջորեն պատրաստ լինել դրան. «Դա իր հետ բերելու է մարտահրավերներ, որին մենք պետք է ադեկվատ արձագանքենք»։