Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկոյանի հետմահու իրավապաշտպանն ու դատապաշտպանը չեմ». Արեյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
1562304dac700af2d067cd24577e8a4b

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հին հաշիվներ ունի Անաստաս Միկոյանի հետ, սա անձամբ է վիրավորել մանուկ Սարգսյանին։ «Դպրոցական տարիքում ինձ տարան մի տեղ, որտեղ ինքը օդանավով պետք է գար, եւ նա եկավ ու չմոտեցավ մեզ, մենք էլ պատրաստվել էինք ելույթ ունենալ»,- հիշում է Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։ Այս վիրավորանքը նախարարը չի մոռանում 6-րդ դասարանից մինչեւ հիմա։ Ինքը նրա արձանը Երեւանում չէր դնի, գոնե այսօր. «Վրեժ չէ, բայց մանկական վիրավորվածության զգացում ունեմ»։ Նախարարը սակայն չի գնահատի Միկոյանի հրեշագործությունները, որոնք վերջին մեկ ամսում ողողել են լրատվական կայքերը։ Կոռեկտ չի, դրանից բացի՝ ժամանակը կգնահատի. «Միկոյանը միայն նեգատիվ չէր, մարդ, որն իր կենսագրության մեջ ունի եւ նա, եւ նա»։ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղյակ է հասարակության բացասական վերաբերմունքին՝ ուշադիր լսում ենք, բայց ավագանու որոշումը չենք պատրաստվում վերանայել. «Ավագանին չի ստացել պաշտոնական որեւէ տեղեկություն փաստարկված ճշգրտված, փորձաքննություն անցած»։ Պարոն Արեյանը լսել է, թե ինչեր են վերագրում Միկոյանին, օրինակ, որ նա գնդակահարությունների որոշումներ է ստորագրել։ Գլխավոր հակափաստարկը մեկն է. «Միկոյանը հայ է, ազգությամբ հայ է, պետական հզոր գործունեությամբ տեր անձ։ Արխիվային նյութերը անցնում են արժանահավատության փորձաքննություն»։ Պարոն Արեյանն այսօր տեղեկացրեց, որ Միկոյանի հանցագործ կերպարի մասին փաստեր իրենք չեն էլ փորձել ձեռք բերել՝ դրա անհրաժեշտությունը չկա։ Ի դեպ, պարոն Արեյանը սասունցի է, երազում է, որ Հայաստանը վերադառնա իր նախկին սահմաններին, որոնք կային մինչեւ 1920 թվականը։ Ասում է, որ իր պապերն էլ են նույնը երազել. «Եթե ես չտեսնեմ, իմ որդին տեսնի, իմ որդին չտեսնի, իրա որդին տեսնի, ազատ Արեւմտյան Հայաստանը»։ Դուք գիտե՞ք, որ Միկոյանը շատ է խանգարել դրան՝ հարցին Արեյանը պատասխանում է. «Տեղյակ չեմ։ Ի սեր Աստծո, ես Միկոյանի հետմահու իրավապաշտպանն ու դատապաշտպանը չեմ»։