Հայտնի գրողի այրին դիմում է ոստիկանապետին
Հայտնի գրող Աղասի Այվազյանի այրին՝ Գրետա Վերդիյանը, բաց նամակով դիմում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին։ Տիկին Վերդիյանի խոսքերով՝ հարեւանը զավթել է իր սեփականությունը հանդիսացող 118 քմ հողամասը, որը գնել է Երեւանի քաղաքապետարանից՝ 2011 թ օգոստոսի 17-ին։ «Խոսքը վերաբերում է մի ընտանեկան զույգի: Ամուսինը՝ Լիպարիտ Օհանյանը ծառայում է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի համակարգում, կինը՝ Լիանա Տերտերյանը, ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում, ներկայումս ծառայում է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ում։ Լիանա Տերտերյանը եւ Լիպարիտ Օհանյանը, Լիանայի ծնողներ՝ Անահիտ եւ Նշան Տերտերյանի հետ միասին ավիրել են իմ հողամասը, հանել են մուտքի դարպասը եւ փոխարինել այն։ Արգելում են նրան մուտք գործել տարածք, կրկին անգամ քանդել են հողամասերի բաժանարար պատը, որը նրանք վերականգնել էին ԴԱՀԿ պարտադրմամբ»,- բաց նամակում նշել է Գրետա Վերդիյանը։ Նրա խոսքերով՝ ներկայումս կրկին անգամ ստիպված է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանել իր՝ սեփականատիրոջ ոտնահարված իրավունքները՝ խնդրելով դատարանին վճիռ կայացնել սեփականությունն ապօրինի տիրապետումից ազատելու եւ պատճառված վնասները հատուցելու մասին։ «Փորձս վկայում է, որ ունենալով ուսադիրների ներքո գործող նման վարքագծով հարեւաններ, ես չունեմ որեւէ երաշխիք, որ ստիպված չեմ լինելու հաջորդ տարի նույն դատարանում պաշտպանելու իմ շահերը եւ այդպես շարունակ։ Ոտնահարվում է իմ սահմանադրական իրավունքներից մեկը՝ սեփականության իրավունքը»,- նշում է տիկին Վերդիյանը։ Նրա խոսքերով՝ իրադրությունը տրամաբանական ավարտին հասավ 2014 թ հունվարին, երբ Լիանա Տերտերյանը սկսել է նրանից գումար շորթել, ուղղակիորեն առաջարկելով, որ հանգիստ ապրելու համար՝ իրեն գումար վճարի։ «Հարգելի պարոն Գասպարյան։ Հարգելի պարոն Մանուկյան Ձեր ղեկավարության ներքո գտնվող մարմինները այնպես կամ այնպես իրականացնում են իրավունքի պաշտպանության ֆունկցիա։ Որքանով է համատեղելի ուրիշի իրավունքների հանդեպ նման «հարգալից» վերաբերմունքը, ինչպես նաեւ հանցանքը՝ Ձեր կողմից ղեկավարվող մարմիններում ծառայելու հետ, չեք կարծում արդյո՞ք, որ նման ծառայողները արատավորում են հարգանքի արժանի մարմինները։ Խնդրում եմ Ձեր միջամտությունը՝ Լիանա Տերտերյանի եւ Լիպարիտ Օհանյանի արարքները, ըստ արժանվույն գնահատելու եւ նրանց կարգի հրավիրելու ուղղությամբ»,- բաց նամակն այսպես է եզրափակում գրող Աղասի Այվազյանի այրին՝ Գրետա Վերդիյանը։