Ուսուցիչներին ստիպում են կուտակային վճարել (տեսանյութ)
Երեւանի ուսումնական հաստատություններում շարունակվում են պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներ անել։ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրեց, որ իրենց դպրոցի տնօրենը հունվարի մեկից գանձված եւ գանձվող պարտադիր կուտակային վճարները հետ վերադարձնելու դիմումներ չի վերցնում։
«Ասում է՝ սպասում ենք հրահանգի։ Իսկ հրահանգն էլ պետք է քաղաքապետարանի կողմից լինի։ Բայց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, որ կրթության ոլորտի ներկայացուցիչները պաշտպանված են, փաստորեն պաշտպանված չեն։ Ինչու՞ դպրոցի տնօրենները հաշվի չեն առնում Սերժ Սարգսյանի հրամանագիրը եւ կառավարության որոշումը։ Ու՞մ են սպասում, էլ ով պետք է հրահանգ տա, միգուցե դրսից պետք է հրահանգ լինի»,-նշեց հոգեբանը։
Իսկ թիվ 50 հիմնական դպրոցի ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ իրենց դպրոցի տնօրենը դիմումները վերցնում է, սակայն ասում է, որ պետք է սպասենք։
Ուսուցիչները հայտնեցին նաեւ, որ դպրոցներ կան, որ տնօրենները հայտարարել են, թե կուտակային վճարները հետ վերադարձնելու դիմում տալիս ներկայացնել նաեւ ազատման դիմում։
«Մենք հիմա չենք կարող հայտնել այդ դպրոցների անունները։ Եթե տեսնենք, որ շարունակվում են անօրինականությունները, ապա անպայման կհայտնենք։ Բարեբախտաբար, մինչ օրս դպրոցներից հեռացման դեպքեր չեն եղել»,-ասաց Օվսաննա Հարությունյանը։