Հրաչյա Հարությունյանը կարող է տեղափոխվել Հայաստան (տեսանյութ)
Ռուսաստանում վթարի ենթարկված «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատաքննությունը շարունակվում է։ Հարցաքննվում են տուժածները։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը։ Նշենք, որ մեկ տարի առաջ՝ հուլիսի 13-ին, տեղի ունեցած վթարի արդյունքում ուղեւորատար ավտոբուսի 18 ուղեւոր զրկվել է կյանքից։ «Այս պահին հարցաքննվում են տուժածները՝ գրավոր ցուցմունքներ տալով։ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը դեմ չէ, սակայն նրանք չեն ցանկանում, որպեսզի նույն կարգով հարցաքննվեն նաեւ ոստիկաններն ու այն վարորդը, որի մեքենան ընթացել է Հրաչյա Հարությունյանի բեռնատարի հետեւից»։ ՄԻՊ ներկայացուցչի խոսքով՝ ոստիկանները հայտնել են, թե վթարից հետո Հրաչյա Հարությունյանը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել։ «Ասեմ, որ Հրաչյա Հարությունյանը վթարի ժամանակ մեքենայից դուրս է շպրտվել,-ասաց Երանուհի Թումանյանցը՝ հավելելով, որ դատաքննության ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։-Հրաչյա Հարությունյանն ընդունել է իր մեղքը եւ պատրաստ է օգնել դատարանին: Ի դեպ, նրա առողջական վիճակը նորմալ է, ամիսը մեկ անգամ նա բժշկական զննություն է անցնում»։ Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանն էլ հայտնեց, որ հայրիկի հետ շփվում են փաստաբանների միջոցով. «Անձամբ հայրիկի հետ խոսել չենք կարողանում»։ Ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելուն, ապա ըստ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Երանուհի Թումանյանցի՝ տեղափոխման խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ կլինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ «Իսկ դատաքննության ավարտի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Դատաքննության մինիմալ ժամկետը կես տարի է, բայց կարող է ձգձգվել մինչեւ մեկ տարի կամ ավելի»։