Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկում են Հայաստանում հիմնել ռուսական բազային դպրոց

Կարևոր լուրեր Քաղաքականություն
volinkin3

Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը՝ բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ռուսական բաժնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ քննարկելու հանրապետությունում ռուսերենի դասավանդման հիմնախնդիրները, ինչպես նաև ուրվագծելու համագործակցության նոր եզրեր: Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց համալսարանում ռուսաց լեզվի եւ գրականության ամբիոնի գործունեությունը՝ ընդգծելով, որ ռուսերենը ոչ միայն մասնագիտական, այլև պարտադիր առարկա է բոլոր մասնագիտությունների համար. «Ի թիվս ռուսական բաժիններ ունեցող այլ համալսարանների՝ Մանկավարժական համալսարանն ունի մի առանձնահատկություն. առկա և հեռակա բաժինների դիմորդների հիմնական մասը Հայաստանի մարզերից են և ուսումն ավարտելուց հետո նրանք վերադառնում են մարզեր և ձեռնամուխ լինում ռուսերենի դասավանդմանն ու տարածմանը»: Իվան Վոլինկինը կարևորեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպումը. «Ներկա ժամանակներում շատ կարևոր է երիտասարդներին փոխանցել հայ և ռուս ժողովուրդների միջև եղած դարավոր բարեկամական հարաբերությունները: Շատերը պնդում են՝ ռուսերենը Հայաստանում վերացել է, սակայն ես այդ կարծիքին չեմ, այն շարունակում է լինել պահանջված»,-նշեց դեսպանը՝ վստահեցնելով, որ իր աշխատանքային գերակա ուղղություններից մեկն էլ հենց դա է՝ փնտրել և գտնել համագործակցության նոր եզրեր ու ծրագրեր: Հանդիպման ընթացքում դասախոսները դեսպանին ներկայացրին ոլորտում առկա խնդիրները և առաջարկեցին լուծման իրենց տարբերակները. մասնավորապես, Հայաստանում հիմնել ռուսական բազային դպրոց, համատեղ մշակել ուսանողների փոխանակման ծրագրեր, ստեղծել ռուսական գրական ստեղծագործությունների էլեկտրոնային տարբերակները և այլն: ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը դեսպանին շնորհեց «Մանկավարժական համալսարան» մեդալ՝ ի նշան հարգանքի և բուհում ռուսաց լեզվի եւ գրականության ուսումնասիրման, ռուսերենի ուսուցիչների պատրաստման կարևորության: