Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արջը վախեցած է, տերը՝ անհայտ

Հասարակություն
arch

Երևանի Հալաբյան փողոցում երեկ հայտնաբերված և վնասազերծված արջը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կմա անորոշ ժամանակ։ «Ա1+»-ի հետ զրույցում Երևանի կենդանաբանական այգու մամուլի պատասխանատու Կարինե Մուրադյանը հայտնեց, որ արջը այգունը չէ։ «Մենք անգամ չգիտենք, թե ում արջն է դա և ում է պատկանում, և ինչ հանգամանքներում է դա եղել»,- ասաց Կարինե Մուրադյանը։ Արջին վնասազերծել են Կենդանաբանական այգու աշխատակիցներն այն բանից հետո, երբ արտակարգ իրավիճակների նախարարությունից այգուն տեղեկացրել են կատարվածի մասին։ Այգու մասնագետներն արդեն հետազոտել են արջին։ «Այս պահի դրությամբ արջը վախեցած է, սթրեսային վիճակում է։ Բայց դա նաև բնական է, քանի որ վնասազերծել են, տեղափոխել են»,- ասաց Կարինե Մուրադյանը։ Մինչ սթրեսային վիճակից դուրս գալը, կենդանին կպահվի առանձին վանդակում։ Մեր հարցին, թե Կենդանաբանական այգին պատրա՞ստ է արջին վերադարձնել տիրոջը, եթե վերջինը գտնվի, Կարինե Մուրադյանը պատասխանեց, որ մի քանի խնդիր է ծագում. «Եթե տերը գտնվի, արդյոք իրավասու կլինի՞ այդ կենդանուն պահել։ Էդպես կենդանուն թողնել ու գնալը օրենքի խախտում է, ինչքան գիտեմ»։ Մամուլի պատասխանատուն նշեց, որ պետք է մի քանի օր սպասել, մինչև իրավիճակը հստակեցվի։