Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւանա լճի մակարդակի բարձրացումը իշխանություններին ձեռնտու չէ. Էկոլուր

Հասարակություն
0f49c3c64aed6eddc9f8286a70e7342c

Չնայած այն հանգամանքին, որ 2014թ-ը ամենասակավաջուր տարին է համեմատած 2008 եւ 2012 թվականների հետ, սակայն 2014-ին Սեւանից վերցվող ջրառի չափն ավելի փոքր է, քան 2008-ին եւ 2012-ին։ Հիշեցնենք, որ 2008թ-ին Սեւանա լճից բաց թողնվեց 360 միլիոն մ3 ջուր, 2012 թվականին՝ 320 միլիոն մ3 ջուր, իսկ 2014 թ-ին բաց է թողնվելու մինչեւ 240 միլիոն մ3։ Նշենք, որ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով Սեւանա լճից ջրառի առավելագույն չափաքանակը 170 միլիոն մ3 է։ Սակայն այս չափաբաժնից ավելի ջուր բաց թողնելու դեպքում օրենքում կատարվում են կառավարության կողմից փոփոխություններ, որոնք հաստատում է ԱԺ-ն։ Որպես լրացուցիչ ջրառի հիմնավորում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում 2008- 2012թթ․ նշվեց հիմնականում Ապարանի եւ Ազատի ջրամբարների սակավ լցվածությունը, ինչը չէր բավականացնի Արարատյան դաշտի ոռոգման համար։ 2014-ին Սեւանից լրացուցիչ ջրառի հիմնավորումն այն էր, որ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերը պակասել են եւ նվազել է Սեւջոր գետի ջրատվությունը, եւ ջրի սակավությունը դեֆիցիտ է ստեղծել ոռոգման համակարգերում։ Բացի սա, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացրեց, որ գետերի ելքերը նորմայից ցածր են, իսկ ջրամբարների ջուրը՝ քիչ։ Այսպես, 2008-ին Ապարանի ջրամբարի լցվածությունը կազմել է 27.93 մլն մ3, 2012թ-ին՝ 31.81 մլն մ3, իսկ 2014թ-ին՝ 23․7 միլիոն մ3 ։ Ազատի ջրամբարի լցվածությունը 2008-ին կազմել է 45.96 մլն մ3, 2012թ-ին՝ 60.57 մլն մ3, 2014թ-ին՝ 45․2 միլիոն մ3։ Պարզվում է, որ 2014թ-ի նման սակավաջուր տարում հնարավոր է Սեւանից 240 միլիոն մ3 ջուր վերցնել եւ ապահովել ոռոգում։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու 2008-ին եւ 2012-ին այդքան շատ ջուր վերցրեցին Սեւանից։ Պատասխանը թերեւս ակնհայտ է՝ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը իշխանություններին ձեռնտու չէ։ Էկոլուր