Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը լքել է նիստերի դահլիճը (տեսանյութ)

Հասարակություն
Volodya-3

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը այսօր լքել է դատական նիստերի դահլիճը։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց պարոն Զաքարյանը, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը մերժել է իր ներկայացրած երկու միջնորդությունները։ «Միջնորդել էի գործում առկա որոշ նյութեր ճանաչել անթույլատրելի, սակայն դատավորը հետաձգեց դրանց քննարկումը, երկրորդը՝ փոխել Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը։ Մոտ մեկ ամիս առաջ դատավորը հայտնեց, որ Վոլոդյա Ավետիսյանը կարող է վկաների վրա ճնշում գործադրել։ Վկաների հարցաքննությունն արդեն ավարտվել է։ Դատավորն էլ այսօր հայտարարեց, որ Վոլոդյա Ավետիսյանը կարող է խուսափել, չներկայանալ դատական նիստերի»,- նշեց պաշտպանը։ Արա Զաքարյանը ժամանակ է խնդրել՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, սակայն դատավորը մերժել է։ Ստիպված լքել է նիստերի դահլիճը։ Հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա մայիսի 26-ին, Արա Զաքարյանը հանդես կգա ինքնաբացարկի միջնորդությամբ։ Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ եւ անազատության մեջ է անցյալ տարվա սեպտեմբերի քսանից: Վերջինս առաջին ազատամարտիկն էր, ով բարձրաձայնեց ազատամարտիկների ծանր սոցիալական խնդիրների մասին։