Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐՆ ԵՎ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ

Հասարակություն

«Հայաստանում առկա խնդիրները մենք ըմբռնումով ենք ընդունում, սակայն խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը ցանկացած պարագայում անընդունելի են»: Իրենց դիրքորոշումն այսպես ներկայացրեց Պատժի կանխման եվրոպական հանձնաժողովի (CPT) 2-րդ փոխնախագահ Անդրես Լեհթմեցը:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները հուլիսի 10-11-ը Հայաստանի տարբեր նախարարարությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին բացատրելու են այս կառույցի աշխատանքային մեթոդները: «Խոշտանգումների եւ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիան վավերացրել են Եվրոպայի խորհրդի անդամ 43 պետություն, այդ թվում Հայաստանը:

Պատժի կանխման եվրոպական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն մուտք գործել բանտեր, կալանավայրեր, հոգեբուժարաններ, նույնիսկ ծերանոցներ եւ ծանոթանալ բոլոր փաստաթղթերին: Այս այցերից հետո հանձնաժողովը պատրաստում է զեկույցներ, սակայն չի հրապարակում առանց տվյալ երկրի համաձայնության:

Գործունեության 10 տարիների ընթացքում հանձնաժողովը երեք անգամ է խախտել իր որդեգրած գաղտնիության սկզբունքը: Երկու անգամ հրապարակվել են Թուրքիայի, իսկ մեկ անգամ Ռուսաստանի քրեակատարարողական հիմնարկների վիճակը ներկայացնող զեկույցները:

Ի դեպ, Պատժի կանխման եվրոպական հանձնաժողովը այսպես պատժում է այն պետություններին, որոնք հաշվի չեն առնում իրենց դիտողություններնն ու առաջարկները:

Հայաստանի քրեկատարարողական հիմնարկներ հանձնաժողովի անդամները դեռեւս չեն այցելել:Եթե նույնիսկ այցելած լինեին, այդ մասին լրագրողները ոչինչ չէին իմանա:«Մեր ինֆորմացիան իշխանությունների, ոչ թե մամուլի համար է»,- տեղեկացրեց Եվրախորհրդի ներկայացուցիչը: