Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու են մորթվել խոզերը Վեդիում

Կարևոր լուրեր Հասարակություն
images__3_

Վեդիում խոզերի մասսայական անկման դեպքեր չկան։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը՝ հերքելով տարածված լուրերը, թե Վեդիում խոզերի ժանտախտ է։ «Մեր մասնագետներն այս օրերին գտնվում են համայնքում, այցելել են բոլոր նրանց, ովքեր զբաղվում են խոզաբուծությամբ՝ պարզելու՝ արդյո՞ք կան խոզերի անկման մասսայական դեպքեր։ Որեւէ անկման դեպքի մեր մասնագետները ականատես չեն եղել։ Պարզապես գյուղացիներից մեկը հայտնել է, որ 25 գլուխ առողջ խոզ է մորթել եւ այլեւս չեն զբաղվելու խոզաբուծությամբ։ Մեր մասնագետները համայնքում են եւ անցկացնում են տնային խորհրդատվություններ այն մարդկանց հետ, որոնք զբաղվում են խոզաբուծությամբ»,-ասաց Արմինե Սուքիասյանը։ Ըստ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակի, ծառայության աշխատակիցները Վեդիում եղել են եւ ընդամենը խոզերի անկման երկու դեպքի մասին տեղեկացել։ «Պարզել ենք, որ 20 օր առաջ բնակիչներից մեկի մոտ երեք խոճկոր է սատկել, մյուսի մոտ՝ երկու։ Գյուղացիները հայտնել են, որ անկման դեպքից մի քանի օր առաջ իրենք կեր են փոխել եւ սննդային թունավորումն է պատճառ հանդիսացել»։ Արմինե Սուքիասյանի վստահեցմամբ, այս պահին ՀՀ տարածքում ժանտախտի որեւէ դեպք չկա։ Իսկ որեւէ անհանգստության կամ անկման դեպքի առիթով բնակիչները կարող են զանգահարել ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գծին՝ 20-60-40։