Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՏՆԵԼ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հասարակություն

Կենտրոն, Նորք Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում այսօր ցուցմունք տվեց մի խիստ կարեւոր եւ երկար սպասված տուժող՝ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը:

Նա հիշեց, որ 1999 հոկտեմբերի 27-ին խիստ հոգնած էր, քանի որ նախորդ ամբողջ օրը զբաղվել էր կաթողիկոսական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով: Հոգնած նախարարի աչքը կպել է ԱԺ դահլիճում, նա չի տեսել, թե ինչպես դահլիճ ներխուժեցին ահաբեկիչները, նա չի էլ հիշում, ինչպես է հայտնվել հատակին:

Աբրահամյանը ընկել է շոկային վիճակի մեջ, նրան թվացել է, թե դեսանտ է իջել ԱԺ: Իր թիվ մեկ խնդիրը նախարարը համարել է դահլիճից ամեն կերպ դուրս գալը, քանի որ «այդ պահին քաղաքում գտնվող միակ ուժային նախարարն էի»: Նա լսել է, թե ինչպես են ահաբեկիչները փնտրում իրեն եւ լկտի հայհոյանքներ տեղում իր հասցեին: Ի պատիվ դահլիճում գտնվողների, նշեց, որ նրանք ասել են, թե ինքը դահլիճում չի:

Սուրեն Աբրահամյանը դահլիճից դուրս է եկել՝ օգնելով դուրս եկող վիրավորներին: Միայն դահլիճից դուրս գալուց հետո է նախարարն իմացել, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը սպանված են, մինչ այդ կարծել է, թե նրանց մեկուսացրել ու պահանջներ են ներկայացրել: Դեպքի գիշերը Սուրեն Աբրահամյանը հայտարարել է, որ հրաժարական կտա անմիջապես, երբ ազատ կարձակվեն պատանդները: Այդպես էլ վարվել է:
Նա համոզված է, որ հանցագործությունը պլանավորված էր, լավ կազմակերպված եւ ուղղված ժողովրդի ու պետականության դեմ: Գեներալ Աբրահամյանը կասկած չունի, որ Նաիրի Հունանյանը «շկոլա» էր անցել:

Դահլիճից դուրս գալուց հետո ՆԳ նախարարը ինքն է հանձնարարականներ տվել, կոորդինացրել ուժային կառույցների գործողությունները: Այնուհետեւ ԱԺ է եկել ՀՀ նախագահը եւ իր վրա վերցրել կոորդինացիան: