Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանտարկյալ կանայք թունավորվել են հոշոտված ոչխարների մսի՞ց

Հասարակություն
2743107f79ceaba5fb8bd64cf16c5d3b

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է 6 կանանց թունավորման դեպք։ Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ կանայք թունավորվել են գայլերի կողմից հոշոտված ոչխարների մսից, իսկ միսը բանտարկյալներին է տրամադրել Արդարադատության նախարարության կից «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամը։ Հիմնադրամը, որը գործում է Աբովյան ՔԿՀ-ին կից, ունի 13 հեկտար տարածք, որտեղ մի մասում այս պահին պահվում են ոչխարներ։ Ոչխարներին պահում են Աբովյան ՔԿՀ–ի կին դատապարտյալները։ Օրեր առաջ ոչխարների հոտի վրա հարձակվել են գայլեր և հոշոտել 17-ին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ թունավորված մսի մի մասը ստիպողաբար վաճառվել է «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի աշխատակիցներին, իսկ մյուս մասը տրվել «Աբովյան» ՔԿՀ-ին, որի հետևանքով էլ թունավորվել է 20 մարդ՝ թե՛ հիմնադրամի աշխատակիցներից, թե՛ բանտարկյալներից։ Սակայն, ըստ պաշտոնական տեղեկությունների, թունավորվել է 6 կին դատապարտյալ։ Թունավորումն արտահայտվում է այսպես՝ մարդը հանկարծ ուշագնաց կարող է լինել, ընդհանուր թուլություն զգալ, անկողնային վիճակի հասնել ։ Այս պահին թունավորվածները դեռևս վերջնականապես չեն ապաքինվել։ Թունավորված միսը հիմնադրամի աշխատակիցներին ստիպողաբար վաճառել և բանտարկյալների է հանձնել «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գրիգոր Մանուկյանը։ Ի դեպ, մեր տեղեկություններով, տուժած ոչխարների դիմաց հիմնադրամի տնօրեն Գրիգոր Մանուկյանը բանտարկյալներից պահանջել է փոխհատուցում։ Քրեակատարողական վարչությունից երեկ այցելել են հիմնադրամ՝ ճշտելու՝ «արդյո՞ք չվերջացավ թունավորման այս պատմությունը», քանի որ մարդիկ դեռ շարունակում են վատանալ։ Մեզ հետ զրույցում «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գրիգոր Մանուկյանն իր դեմ ուղղված մեղադրանքները հերքեց՝ ասելով. «Այո՛, մենք ոչխարներ պահում ենք, և գայլերը հոշոտել են, բայց սուտ ա, տենց բան չի կարա լինի, որ թունավորվեն, որովհետև մենք ոչխարի միս չենք տվել ո՛չ աշխատակիցներին, ո՛չ էլ բանտարկյալներին։ Հոշոտել են, ակտերը կազմվել ա համապատասխան ձևով և համապատասխան միսը թափվել է»։ Պարոն Մանուկյանը նաև հերքեց, որ հիմնադրամի աշխատակիցների շրջանում կան թունավորվածներ. «Հիմնադրամի աշխատակիցների շրջանում սուտ ա, իսկ բանտարկյալների մոտ չգիտեմ, չեմ տիրապետում, եթե ես միս չեմ տվել դատապարտյալներին, որտեղի՞ց պիտի իմանամ, սուտ ինֆորմացիա ա»։