Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑՈՒՅՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ

Հասարակություն

Հայաստանն անհապաղ պետք է բողոքի նոտա հղի Ռուսաստանի Դաշնությանը` այնտեղ հայազգի բնակիչների հանդեպ արդեն պարբերական դարձած ճնշումների վերաբերյալ: Այս պահանջը բարձրացնում են Հայաստանի արվեստագետերը, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Ռուսաստանի Դեսպանատան շենքի մոտ:

Ըստ քանդակագործ Արա Շիրազի, «զարմանք է առաջացնում, ինչո՞ւ մեր կառավարությունը իրավաբանական վերաբերմունք չի դրսեւորում, ինչո՞ւ նոտա չենք տալիս, ինչն ենք պաշտպանում, ո՞ր բարեկամությունը: Մենք հարց ենք տալիս, ի՞նչ ֆաշիզմ է այնտեղ»:

Հայ արվեստագետերին, իհարկե, դեսպանության շենքի անվտանգությունն ապահովող ոստիկանները չթողեցին մոտենալ շենքին, դեսպանի հետ հանդիպում նույնպես տեղի չունեցավ, ոստիկանների կողմից փորձ էր արվում նաեւ արգելել նկարահանումները դեսպանատան շենքի շրջակայքում:Փոխարենը հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները փորձեց պաշտպանել Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամներից մեկը: Վիճաբանության արդյունքում պարզ դարձավ, որ ցուցարարները Ռուսաստանում հայերի ճնշման գործում միանշանակորեն չեն մեղադրում միայն ռուս ժողովրդին: Սակայն դեպքերի կազմակերպման գործում միտումը չեն բացառում:

Հայ արվեստագետերը նշում են, որ վերոհիշյալն արդեն երրորդ դեպքն է Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջարդերից հետո: Ցուցարարները գտնում են, որ դա Հայաստանի ղեկավարության թուլության եւ ջարդերից հետո համապատասխան արձագանքի բացակայության արդյունքն է: «Եթե մենք մեր անհանգստությունն այսօր չհայտնենք, դեպքերը նորից կշարունակվեն»,- նշեցին արվեստագետերը դեսպանատան շենքի մոտից հեռանալիս` իրենց հետ տանելով «Ռուսաստանում տիրում է թուրքակա՞ն ֆաշիզմը» հարցադրումով պաստառը: