Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետականները քառյակից վտանգ չեն սպասում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
52058

«Քառյակը չի փլուզվում»,-մեկնաբանելով ԲՀԿ-ականների մասնակցությունը Գալուստ եւ Հովհաննես Սահակյանների ընտրությանը` ասում է պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Նա շենք չի, որ փլուզվի կամ չփլուզվի»: Միքայել Մելքումյանը փորձում է հասկանալ` իսկ կա՞ պայմանագիր, որով ԲՀԿ-ն քառյակի մյուս ուժերին կապված է հավերժական կապերով, որոնք փլուզման ենթակա չեն: ԲՀԿ-ն, ըստ նրա, ոչ ընդդիմություն է, ոչ իշխանություն եւ կարող է իրերը կոչել իրենց անուններով. «Մենք մեր տեղում ենք»։ Պատգամավորի կարծիքով՝ ԲՀԿ-ն քառյակում էլ հավասարակշռող գործունեություն է կատարում: Չի կարող ընդդիմադիր մյուս ուժերի նման անընդհատ քննադատել կառավարությանը. «Այլընտրանքի էությունը, ոչ միայն, բայց նաեւ կայանում է նրանում, որ մենք կառավարության լավ գործերին պետք է ասենք այո, իսկ որը որ մեր կարծիքով չի արտահայտում ռեալությունը, լուծումներ չի տալիս, ասենք` ոչ»: «Բարգավաճ Հայաստանը» դեռ պետք է սպասի, որպեսզի կառավարությունը ծրագիր ներկայացնի Ազգային ժողով, բայց լավ կլինի, որ ներկայացնի նաեւ գործիքներ, թե ինչպես է աշխատելու: Հանրապետականներն արդեն վերագտել են նախկին վստահությունը, նրանք քառյակից ոչ մի վտանգ չեն սպասում։ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանն ասում է. «Թող այդ խուճապը լինի քառյակում, որովհետեւ ըստ էության քառյակն է, որ կարող է շատ- շատ հարցերում չլինի այնպես միասնական, ինչպես կար: Հանրապետականում, ընդհակառակը, շատ ավելի հանգիստ վիճակ է, քան թե նախկինում»: Գագիկ Ջհանգիրյանը միայն մեկ նախադասությամբ է ակնարկում, որ քառյակի գործերում ինչ-որ բան այն չէ. «Քառյակին էսպես սթափեցնող պահերն անհրաժեշտ են»: Քառյակի փլուզման մասին խոսակցությունները ծագեցին հատկապես այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն դադարեց քննադատել կառավարությանը, ինչպես նաեւ մասնակցեց ու կողմ քվեարկեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնում հանրապետական Գալուստ Սահակյանի թեկնածությանը։ «Բարգավաճ Հայաստանի պատգամավորների հետ ոչ միայն աշխատանքային հարաբերություններ ունեմ, այլ նաեւ՝ ընկերական: Պարզ է, այսինքն, դա քաղաքական չէր, վերաբերմունք էր»,- նշում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: