Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-թուրքական հարաբերությունները 1915 թվականի հետեւանք են (տեսանյութ)

Քաղաքականություն
flag8

Բարիդրացիական հարաբերություններ կարող են ձեւավորվել միայն մի դեպքում, եթե Թուրքիան առերեսվի իր պատմության հետ։ Այս մասին նշել են նորանկախ Հայաստանի բոլոր առաջնորդները։ Հայ-թուրքական հարաբերությունները 1915 թվականի հետեւանք են: Քայլեր անելու փոխարեն 1993 թվականին Թուրքիան էլ ավելի սրեց իրավիճակը՝ փակելով սահմանը՝ Ղարաբաղյան հակամարտության մեջ բացահայտ սատարեց Ադրբեջանին: 1995-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ այսօր Հայաստանը եւ Թուրքիան, որպես հարեւան պետություններ, պարտավոր են հաստատել փոխշահավետ առեւտրա տնտեսական կապեր ու վերականգնել հայ եւ թուրք ժողովուրդների փոխադարձ վստահությունը։ Առեւտրատնտեսական կապերը, թեեւ ոչ պաշտոնական, սակայն հաստատվեցին, իսկ սահմանները մինչ օրս մնացին փակ; Հայ-թուրքական հարաբերությունների մասին երկար ժամանակ ոչինչ չխոսվեց։ Միայն 2001 թվականի հուլիսի 9-ին 6 թուրք եւ 4 հայ գործիչներ ձեւավորեցին հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով, սակայն այն 2 տարի հետո ձախողվեց՝ հաշտության եզրեր չգտնելով։ Հաջորդ քայլը 2008 –ին էր, որ պատմության մեջ մնաց ֆուտբոլային դիվանագիտություն ձեւակերպմամբ։ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին հրավիրեց Երեւան՝ ֆուտբոլ դիտելու։ Թուրքիան պատասխանեց նույն ժեստով։ Իսկ 2009-ին երկու կողմերը Ցյուրիխում ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները: Փաստաթղթում տեղ գտած ոչ հստակ ձեւակերպումները Թուրքիան շահարկեց՝ Հայաստանի հետ իր հարաբերությունները կապելով ԼՂ հիմնախնդրի ադրբեջանամետ կարգավորման հետ։ Արդյունքում արձանագրությունները մնացին թղթի վրա։ Հայոց ցեղասպանությունից անցել է 99 տարի։ Պաշտոնական Թուրքիան դեռ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը՝ ոճրագործությունը որակելով ռազմաքաղաքական վիճակով պայմանավորված իրողություն։ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը երեկ մեկ անգամ եւս հաստատեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա ուղերձը Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի կարծիքով՝ Թուրքիայի հայացքների վերադասավորում է՝ ուղիղ ժխտումից անցնելով պիտակավորումների։ Այսօր Թուրքիան հայ- թուրքական արձանագրությունները հանել է իր օրակարգից, իսկ ՀՀ ԱԺ-ում դրանք դեռ պահվում են՝ հակառակ ընդդիմադիր պատգամավորների պահանջի։ ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այսօր մեկ անգամ եւս հիշեցրել է Սերժ Սարգսյանը՝ իր ուղերձում նշելով. «Թուրքիայի հետ հստակ քայլեր անելու ժամանակն է, այն է ՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում»: