Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահի չկայացած թեկնածուի միտքն ու հոգին՝ կոնֆլիկտի մեջ

Քաղաքականություն
pavel

Շահագրգիռ պետություններն ու քաղաքական ուժերը, այդ թվում նաև Հայաստանի իշխանություններն են ուղղորդում, որ Ցեղասպանությունից 99 տարի հետո հայերը պահանջեն ոճիրի ճանաչում և ոչ թե հատուցում: «Ա1+»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ծիծեռնակաբերդ այցելած ինժեներ-մեխանիկ, փիլիսոփա Պավել Սարգսյանը: Նա ներկայացավ որպես նախագահի չկայացած, խոչընդոտված թեկնածու, քանի որ 2013թ. նախագահական ընտրություններին չէր մասնակցել՝ պահանջված ընտրագրավը վճարել չկարողանալու պատճառով: Պավել Սարգսյանի խոսքով՝ եթե Ցեղասպանության հարցում նման քաղաքականությունը պետական, պաշտոնական մակարդակով է վարվում, ապա դա արդեն ոչ թե սխալ է, այլ հանցագործություն: Սարգսյանը նշեց, որ խնդրի լուծմանը պետք է հասնել նախ բարոյական դաշտում, ապա քաղաքական: «Բարոյական դաշտում մենք պետք է թույլ չտանք, որ մեր ցավը շահարկվի տարբեր ինստանցիաներում»,- ասաց նա: Սարգսյանը հավելեց, որ ԱՄՆ սենատում, տարբեր հանձնաժողովում, նաև այլ երկրներում ամեն տարի՝ ապրիլի 24-ի նախաշեմին, Ցեղասպանության մասին բանաձևեր են ընդունվում, հետո մարդիկ իրենց բիզնեսն անում են թուրքերի հետ, և Ցեղասպանությունը մոռացվում է մինչ հաջորդ ապրիլի 24: Անդրադառնալով Արևմտյան Հայաստանի տարածքների հնարավոր վերադարձին՝ Պավել Սարգսյանը նշեց, որ Արցախի տարածքները 20 տարի է, ազատագրված են, բայց բնակեցված չեն: «Հողը նրանն է, ով ապրում է վրան: Ո՞վ է գնացել էնտեղ ապրելու: Ընդհակառակը, Ղարաբաղի հայերը արտագաղթել են էնտեղից»,- ասաց նա: «Այսինքն՝ Արևմտյան Հայաստանը մեր սերունդներն էլ չե՞ն տեսնելու» հարցը լսելուց հետո Պավել Սարգսյանն ասաց, որ հարցը իր միտքը և հոգին մտցրեց կոնֆլիկտի մեջ: «Սրտանց, զգացմունքներով, էությամբ այլ է իմ ցանկությունը, բայց առողջ տրամաբանությունս դրան արգելակում է: Դուք իմ մտավորը և զգացմունքայինը բախման եք տանում էդ հարցում, որովհետև ցանկությունը, զգացմունքը և արդարությունը մի բան է ասում, իսկ հնարավորությունը, առողջ դատողությունը՝ այլ բան»,- նշեց նա: Ի դեպ, Պավել Սարգսյանը նախագահական ընտրություններից հետո զբաղվում է իր ընտանեկան հարցերով, առնչվում քաղաքականության մեջ ակտիվ երիտասարդներին, նաև աջակցում «Դ!եմ եմ» շարժմանը: Ծիծեռնակաբերդ այցելած երևանցի թոշակառու, մասնագիտությամբ ինժեներ Կիմա Կարապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վաղուց ժամանակն է՝ Հայաստանի պետությունը Թուրքիայից պահանջի Ցեղասպանության հատուցում և ոչ թե ճանաչում, դատի տա ցեղասպանին: Թոշակառուին զարմացնում է, թե ինչո՞ւ Հայաստանում չի ձևավորվում որևէ մարմին, հանձնաժողով, որը կզբաղվի Թուրքիայից հայերի փոխհատուցմամբ: «Մենք ղեկավար չունենք: Տեսնո՞ւմ եք՝ Պուտինը ինչ արեց: Ղրիմը վերցրեց, որ Ղրիմը իսկապես Ռուսաստանն է: Ապրի Պուտինը: Մի հատ այ էդպիսի Պուտին էլ մեզ է հարկավոր: Պուտինի նման ղեկավարը բոլոր հարցերը կդնի առաջը, կասի՝ այ, էս կետերը՝ էդ մարդիկ իրենց տուն-տեղ թողել են, հարստությունը թողել են, թալանել եք բոլորը»,- ասաց Կիմա Խաչատրյանը: Նրա իր վանեցի ծնողներից լսել է, որ Վանը դրախտային վայր է եղել: Այն, որ Վանում հզոր ինքնապաշտպանություն եղավ, թոշակառու կինը բացատրում է նրանով, որ վանեցիները թասիբ ունեն: