Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցեղասպանություն ապրած 102-ամյա Ազատ պապի ցանկությունը (տեսանյութ)

Հասարակություն
papi

«Մենք 7 երեխա էինք ու բոլորս էլ մայրիկիս հետ սարը բարձրացանք, որպեսզի փրկվենք թուրքերից»,-հիշում է ցեղասպանությունը վերապրած 102-ամյա մուսալեռցի Ազատ Սուլուկյանը։ «Հորեղբորս օգնությամբ փախանք սարը, հետո եկան ֆրանսիական նավերն ու մեզ տեղափոխեցին ճամբար ու մինչեւ 1919թ. մնացինք այնտեղ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ազատ պապը։ Ինչպես Ազատ պապն է ասում՝ ծնվել է իսկական Մուսա լեռում։ Մանկությունից շատ բան չի հիշում. ծնողները զբաղվել են հողագործությամբ, հետագայում հայրը Օսմանյան կայսրությունում զինվոր է եղել։ Նրա տատ ու պապին թուրքերն ստիպել են անցնել իրենց սրի տակով՝ աքսորելով Դեր Զոր։ 1919թ. Սուլուկյանների ընտանիքը վերադարձել է Մուսալեռ, սակայն գյուղն արդեն ավերված էր ու դատարկ։ Նրանք տեղափոխվել եւ մինչեւ 1946թ. ապրել են Լիբանանում։ Այնուհետեւ եկել են Հայաստան՝ բնակվել Ալավերդու Շնող գյուղում։ 1948թ. Ազատ պապը տեղափոխվել է Երեւան, ընտանիք կազմել ու երկու արու զավակ ունեցել։ Այսօր նա ապրում է իր թոռնիկի հետ։ Ցավով է նշում, որ վերջին տարիներին չի կարողանում բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունքը. «Չորրորդ տարին է՝ չեմ գնացել։ Գնում էի, կանգնում կրակի առաջ ու հուզվում»,-պատմում է Ազատ Սուլուկյանը։ Այսօր 102-ամյա Ազատ պապն առողջական խնդիրներ ունի։ Օրն անցկացնում է հեռուստացույցի դիմաց կամ բակում։ Որքան էլ կյանքի հարվածները դաժան են եղել, սակայն նա չի չարացել։ Իր երկարակեցության գաղտնիքն էլ շատ պարզ է՝ կյանքում որեւէ մեկին չի նախանձել ու մարդկանց բարին է ցանկացել։ Այսօր ցեղասպանություն վերապրած ծերունին միայն մեկ ցանկություն ունի, որ խորհրդային տարիներին բանկում կուտակած իր 3 հազար ռուբլին վերադարձնեն. «Հինգ ամիս առաջ գնացի վերեւի փոստը, ասեցին, որ մեկ ամսից կուղարկենք, մինչեւ հիմա չեմ ստացել։ Գումարը հավաքել էի վերջին օրվա համար»։ papi 1