Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյումրիում միայն հոգիներ կան». սփյուռքահայ

Հասարակություն
unnamed41

Ծիծեռնակաբերդ այցելած ֆրանսահայ Էղիկ Քելեշեանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իր ծնողները երեխաներին տվել են ոչ հայկական անուններ՝ Էղիկ, Էլիզաբեթ, Աղման: Սակայն Էղիկը իր երեխաներին անվանել է Սասուն և Լոռի: Սասունն ու Լոռին Ֆրանսիայում հայկական դպրոց են հաճախել և կարողանում են մայրենիով խոսել, գրել-կարդալ: Էղիկ Քելեշեանի ծնողներն ընտանիքում միշտ խոսել են ֆրանսերեն. նման խորհուրդ էին տվել Էղիկի հաճախած ֆրանսիական դպրոցի ուսուցիչները: Էղիկ Քելեշեանը շաբաթը միայն մեկ օր է հայկական դպրոց հաճախել և 5-6 տարում սովորել հայերեն, թեև դպրոցական ծրագիրը «թեթև էր, զորավոր չէր»: Քելեշեանի խոսքով՝ երիտասարդ ֆրանսահայերը շատ դժվարությամբ են խոսում հայերեն, հայկական դպրոցները քիչ են: Սակայն ինքը համարում է, որ բոլոր հայերը պետք է հայերեն իմանան և Ֆրանսիա վերադառնալուց հետո շարունակելու է հայերեն սովորելը, քանի որ գրել-կարդալն արդեն մոռացել է: Էղիկ Քելեշեանը Հայաստանում է 3-րդ անգամ: Նա առաջին անգամ է, որ հայրենիք է այցելել ապրիլի 24-ին: Երեկ մասնակցել է ջահերով երթին: «Երեկվնե տեսա, որ հայությունը շատ զորավոր է»,- ասում է նա: Ֆրանսիահայ տղամարդն արմատներով մարաշցի է: Նրա հայրը Բեյրութում է ծնվել, հետո տեղափոխվել Ֆրանսիա: Քելեշեանը վստահ է, որ թուրքերը ստիպված կլինեն ճանաչել Ցեղասպանությունը՝ Եվրոպայի կողմից ընդունվելու համար: «Ուզե-չուզե, պիտի ըլլա: Ուրիշ ճար չիկա»,- ասում է նա: Էղիկ Քելեշեանի աչքից չեն վրիպել Հայաստանից արտագաղթի ծավալները: «Հիմա Հայաստանի ամեն հայերը իր երկրեն կփախնի: Սխալ է: Պետք է մնան հոս: Հիմա սփյուռքի հայերը Հայաստան կուգան, տուները կգնեն»,- նշում է նա: Նա դրական է համարում, եթե տարիներ անց Հայաստանում հաստատվեն բազմաթիվ սփյուռքահայեր: Ինքը՝ որպես սփյուռքահայ, հնարավոր համարում է Հայաստանում ապրելը, երբ իր աշխատանքը Ֆրանսիայում վերջանա: Ծիծեռնակաբերդ այցելած մեկ այլ սփյուռքահայ՝ սիրիահայ Աիդա Սարգսեանը, «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում է առաջին անգամ և հատուկ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելու, նաև բարեկամներին տեսնելու համար: Սիրիահայ կինը Երևանը շատ է հավանել, բայց Գյումրին տեսնելով՝ ցավ է ապրել: «Կարծես միայն հոգիներ կան քաղաքի մեջը, մարդ չկար մեջը, միայն գերեզմանոց: Պարապ, դատարկ պատուհաններ»,- Գյումրին նկարագրեց նա: Աիդա Սարգսեանն արդեն 8 տարի է՝ բնակվում է Գերմանիայում: Նրա նախնիները Սասունից են: «Մեծ հայրիկս՝ Սիմոն Սարգսյան, մեծ հեղափոխական էր, որ զենքեր կբաժներ: Ադ ատեն Սասունի մեջը ապստամբություն կար: Հետո արդեն դեդես պստիկ տարիքեն գաղթած է մեծ քույրիկին հետը: Մեծ քույրիկը ճամփան մահացավ, իրեն պաշտպանեց, կրիա ուտելով՝ հասան Սուրիայի անապատներ, փրկվավ դեդես, բայց քույրիկը մահացավ, ծնողքը, ամենը»,- պատմում է Աիդա Սարգսեանը: Նրա պապը հաճախ էր հիշում Սասունը: «Ինքը հայերեն շատ չէր գիտեր խոսել, քուրդախոս էր, բայց այբուբենը գիտեր, որ մեզի կսորվեցներ»,- պատմում է Աիդա Սարգսեանը: Նրա գնահատմամբ՝ Հայ դատի հանձնախմբերն ամբողջ սփյուռքում լավ են աշխատում, սակայն «զորավոր երկիրները մինչև վերջ մեր հետ կխաղան»: «Թուրքիան ավելի պոլիտիկ կխաղա, քան թե մենք»,- ասում է Աիդա Սարգսեանը: Նա գերմանացի երեխաներին անգլերեն է դասավանդում գերմանական դպրոցում, և ուրախ է, որ այս տարի իրենց քաղաքի հայկական դպրոցում շաբաթվա մեջ մեկ օր երեխաները սկսել են ավելի խորությամբ հայերեն սովորել: «Ես գերմանական դպրոցներու մեջ է, որ ուսուցչուհի եմ: Հայկական դպրոց միայն կերթամ, որ քաջալերեմ՝ հայ պստիկները գան»,- ասում է Աիդա Սարգսեանը: Նրա խոսքով՝ Գերմանիայում ծնված կամ այդ երկիր վաղուց գաղթած հայ երիտասարդները շատ դժվարությամբ են հայերեն խոսում, իսկ ովքեր նոր են գնացել Գերմանիա, ձգտում են հայ մնալ: