Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մինչև զենքով չմտնես Արևմտյան Հայաստան, թուրքերը մեզ հող չեն տա»

Քաղաքականություն
unnamed21

Արգենտինահայ Արմեն Գիզիրեանը լիահույս չէ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին որևէ լուրջ փոփոխություն կլինի ոճրի ճանաչման կամ հատուցման գործում, քանի որ 99 տարի է, ոչինչ չի պատահել: Նրա խոսքով՝ հրեաները միասնական են, ուժեղ ու հարուստ, և այդ պատճառով է, որ մինչ այժմ հատուցում են ստանում Գերմանիայից: «Ա1+»-ի հետ զրույցում Ծիծեռնակաբերդ այցելած սփյուռքահայն ասաց, որ Հայաստանում է 5-րդ անգամ: Այս անգամ եկել է՝ հատուկ ապրիլի 24-ի համազգային երթին մասնակցելու: Արմեն Գիզիրեանի ծնողները Հաճնից են գաղթել: «Ես մեծ հայրերես մինակ իմ մորս մեծ հայրը ճանչցա: Իմ հորս մեծ հայրը մեռցուցին»,- ասաց Արմեն Գիզիրեանը: Տարեց սփյուռքահայն ապրում է Բուենոս Այրեսում և հաճախում «Հաճըն» կազմակերպություն, որտեղ այժմ երիտասարդներ չեն գալիս, բոլոր այցելուները տարեցներ են: Գիզիրյանի խոսքով՝ արգենտինահայ երիտասարդներից քչերն են հիշում ապրիլի 24-ը: «Դպրոցը լմննա նե, ալ կամաց-կամաց կմոռնան»,- ասում է նա և հավելում, որ արգենտինահայ երիտասարդների մեծ մասը հայերեն չգիտի: Գիզիրյանի թոռները ևս հայերենի չեն տիրապետում: Այնուամենայնիվ, արգենտինահայը նշեց, որ այսօր Արգենտինայում Թուրքիայի դեսպանատան դիմաց մի խումբ հայեր բողոքի ակցիա են անցկացնելու: Արցախյան պատերազմի ազատամարտիկ Անդրանիկ Տոնոյանը Ծիծեռնակաբերդ էր եկել իր 4 թոռների հետ: Տոնոյանը կռվել է Էջմիածնի ջոկատում, մասնակցել Հադրութի, Քարվաճառի ազատագրմանը: «Ես հիմա պատրաստ եմ մտնել Արևմտյան Հայաստան, բայց էստեղ մեծ մասը չի էլ գա: Կարող է Հրազդան ստադիոնից կեսը թեքվի դեպի Ադրբեջան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը՝ հավելելով, որ իր նախնիները Սասունից ու Մուշից են գաղթել: Անդրանիկ Տոնոյանը համոզված է, որ տարբեր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը ոչինչ չի տվել Հայաստանին: «Իմ կարծիքով, ուզում է Օբաման ճանաչի, Պուտինը ճանաչի, Սերժ Սարգսյանը ճանաչի, դրանով հարց չի լուծվելու: Ղարաբաղի հարցը մենք ո՞նց լուծեցինք: Համոզված եմ՝ մինչև զենքով չմտնես Արևմտյան Հայաստան, երբեք թուրքերը մեզ հող չեն տա: Ղարաբաղն էլ մեզ չէին տա, եթե զենքով մենք չմտնեինք Արցախ»,- կարծում է ազատամարտիկը: Անդրանիկ Տոնոյանի խոսքով՝ եթե ինքն էլ չհասցնի ազատագրել Արևմտյան Հայաստանը, ապա իր թոռները պետք է հասցնեն: Նրան թուրքերի՝ թվաքանակով մեծ լինելը չի վախեցնում: Ազատամարտիկն ասում է, որ Արցախյան ազատամարտի ժամանակ 2000 ադրբեջանցի փախել է՝ տեսնելով իրենց 100 հոգանոց ջոկատի գործողությունները: Պարզապես Հայաստանը պետք է հզորանա, ունենա հզոր բանակ, իսկ ժողովուրդն ունենա մեկ գաղափար, ինչպես 1988 թվականին էր: «Ոչ թե էսօր՝ եվրոհայեր, ռուսահայեր, ֆրանսահայեր: Հայը պիտի լինի հայ: Էսօր պետական քարոզչությունն էլ է մեր ազգին բաժանել 4-5 մասի: Մի մասը Եվրոպա են ձգտում, մի մասը՝ Ռուսաստան, ոչ մեկ չի մտածում՝ էս երկիրը մերն է, մենք հայ ենք, պիտի Հայաստանում մնանք»,- ասում է Անդրանիկ Տոնոյանը: Նա ինքը չի պատրաստվում լքել Հայաստանը: Համոզված է՝ Ռուսաստանում, Եվրոպայում ինչքան էլ մեծ տեղ տան հայերին, միևնույն է՝ կարող են վռնդել ամեն րոպե: Տոնոյանի համոզմամբ՝ հայ ժողովրդի ցեղասպանությունը ծրագրել են հրեաները Գերմանիայում, սակայն հայ պատմաբաններից ոչ ոք չի համարձակվում այդ մասին ասել: «Երիտթուրքերին ֆինանսավորել է Գերմանիան: Էսօր հրեաներն են, որ Ամերիկայում իշխում են ու չեն թողնում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի»,- ասում է նա: