Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարգանքի տուրք մատուցվեց Մոսկվայում

Քաղաքականություն
moskva

Մոսկվաբնակ հազարավոր հայեր, հասարակական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ եկել էին նորաբաց եկեղեցական համալիր` իրենց խոնարհումը բերելու բյուր նահատակներին և ծաղիկներ դնելու համալիրի տարածքում գտնվող հուշակոթողի մոտ: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը ծաղիկներ դրեցին հուշաքարի մոտ, որից հետո առաջնորդանիստ Մայր տաճարում հագեհանգստի կարգ կատարվեց: Արարողության ավարտին Եզրաս Սրբազանը դիմեց ներկաներին` ասելով. «Օրեր առաջ մենք տոնեցինք Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ հաղթանակը մահվան նկատմամբ, ով եկավ աշխարհ և Իր մահվամբ հաղթեց մահին և Իր հարությամբ մեզ հարություն պարգևեց: Այսօր, այս հավատքով համախմբվել ենք Տիրոջ տան մեջ, մեր Սուրբ Եկեղեցու խնկաբույր կամարների ներքո` ոգեկոչելու անմար հիշատակը ավելի քան 1.5 մլն անմեղ հայորդիների, որոնք դարձան զոհը, նահատակվեցին 1915թ. ցեղասպանության օրերին` իրականցված Օսմանյան Թուրքիայում: Այժմ հայցում ենք մեր ամենախնամ Տիրոջ բարեգութ կամքը` նահատակների հոգիներն արժանացնելու երկնային խաղաղությանն ու երանությանը»: Հոգեհանգստի կարգին ձայնակցում էր թեմի հովանու ներքո գործող Մոսկվայի «Հայորդյաց տան» երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Լենա Բեգլարյանի ղեկավարությամբ: Արարողությանից հետո ներկաներին հոգևոր հայրերն ուղեկցեցին առաջնորդարան, որտեղ առաջին անգամ ցուցադրվում էին հայոց ցեղասպանությանը նվիրված հարյուրից ավելի լուսանկարներ, վավերգրական փաստաթղթեր, գրականություն: Այնուհետև Սրբազանը սաներին բաժանեց գեղեցիկ խաչեր` ի հիշատակ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության և ի կոչ` դառնալու հայ ժողովրդի արժանի զավակ և արդար դատի պահանջատեր: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվան