Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգականները կհանդիպե՞ն Հակոբ Ինջիղուլյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
10.03.29

Կարմիր խաչի միջազգային ընկերությունը պետք է աշխատի ոչ թե պատեհ կամ անպատեհ առիթներով հանդիպել Ադրբեջանում գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի հետ, այլ առնվազն շաբաթը մեկ-երկու անգամ պետք է այցելի նրան. համոզված է Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։ «Ամեն օր անորոշ վիճակում գտնվել գերության մեջ՝ ծանրագույն հոգեբանական խոշտանգում է, անգամ եթե ֆիզիկականը տեղի չի ունենում։ Ես դա ասում եմ պարզ, ես ասել եմ ծնողներին, որ իրենք գոտեպնդվեն, որ իրենք լինեն ամուր, ինչքան իրենք ավելի շատ են թուլանում, դա թուլացնում է նաեւ Հակոբ Ինջիղուլյանին»,- «Ա1+»-ին ասաց Լարիսա Ալավերդյանը։ Նրա խոսքերով՝ ՀԿ-ն դիմել է Կարմիր խաչի միջազգային ընկերությանը, որ այցելության ժամանակ մասնակցի նաեւ Հայաստանից որեւէ մեկը, եթե ոչ ազգականը, ապա գոնե Հայաստանյան Կարմիր խաչի ներկայացուցիչը։ «Դա վստահությունը ավելի կավելացնի»,- ասում է Լարիսա Ալավերդյանը։ Մարդու իրավունքների պաշտպանը այսօր մեկ անգամ եւս շեշտեց՝ Հակոբ Ինջիղուլյանին պարտադրել են ասել, որ ցանկանում է վերադառնալ երրորդ երկիր։ «Հակոբ Ինջիղուլյանը հիմքեր չուներ դա ասելու, քանի որ Հայաստանում մենք չունենք նախադեպ, որ զինվորական գերության մեջ հայտնված որեւէ անձ հետագայում հետապնդվի կամ ազատազրկվի, մինչդեռ Ադրբեջանում լրիվ հակառակն է, այն գերիները, որոնք ցանկանում են գնալ երրորդ երկիր, ցանկանում են լինել ազատության մեջ»,- ասաց նա։ Այնուամենայնիվ, Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ օր առաջ Հակոբ Ինջիղուլյանի հայտնվելը երրորդ երկրում՝ լավագույն լուծումն է այսօր։ Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը գերության մեջ է հայտնվել անցյալ տարվա օգոստոսի 8-ից։ Անդրադառնալով գերեվարված 78-ամյա Մամիկոն Խոջոյանին եւ Արսեն Խոջոյանին Հայաստան վերադարձնելուն՝ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ դա կարող էր ծանր անդրադառնալ Ադրբեջանի իմիջի վրա, քանի որ նրանք զինվորականներ չէին։ «Արսեն Խոջոյանի դեպքում տեղի է ունեցել խաղաղ բնակչի գերություն եւ չեմ կարծում, որ Ադրբեջանում չկան մտածող անձինք»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։ 78- ամյա Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր այս տարվա հունվարի 28-ին, հետ վերադարձվել՝ մարտի 4-ին, իսկ Արսեն Խոջոյանը՝ մարտի 7-ին էր հատել հայ- ադրբեջանական սահմանը, այնուհետեւ ապրիլի 10-ին հետ վերադարձվել։