Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մոռցան Հալեպը, սաղ օր Քեսաբ կհոլովին». սիրիահայ (տեսանյութ)

Հասարակություն
SIRIAHAY1

Սիրիահայ Վիկտորյա Չալյանը սպասում է սիրիական հակամարտության ավարտին։ Պատերազմն ավարտվելուց հետո Չալյանների ընտանիքը պատրաստվում է Սիրիա վերադառնալ։ Նրանք արդեն 3 տարի է՝ ապրում են Արարատի մարզի Դարբնիկ գյուղի գյուղատնտեսական նախկին քոլեջի շենքում, որը վերանորոգվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից և տրամադրվել 2009 թվականից Սիրիայից Հայաստան գաղթած հայ ընտանիքներին։ Չալյանները, սակայն, Դարբնիկի պայմաններին այդպես էլ չեն հարմարվել։ Տիկին Վիկտորյայի ձեռքի մատները չեն բավականացնում գյուղի խնդիրները թվարկելու համար։ Նա ամենից շատ նեղվում է գյուղի անորակ ջրի համար։ Ասում է՝ գյուղի արտեզյան ջուրը խմելու համար պիտանի չէ։ Չալյանները ստիպված մայրաքաղաքից են ջուր գնում։ Գյուղում չկա դեղատուն, բուժկետն էլ աշխատում է այն ժամանակ, երբ հարևան գյուղից բժիշկն է գալիս՝ դժգոհում է տիկին Վիկտորյան։ Բժշկական ծառայություններից օգտվելու համար արյան բարձր ճնշմամբ տառապող կինը ստիպված է հասնել Մասիս քաղաք. «Մասիսում էլ բժիշկները հիվանդությունից չեն հասկանում, ստիպված Երևան ենք գնում, շտապօգնությունն էլ, որ կանչում ենք, գյուղի ճամփեքն այնքան վատ է, որ դժվար են հասնում», - նշում է նա և հավելում՝ լավ կլիներ պատերազմը վերջանար, մեր տուն գնայինք։ Տիկին Վիկտորյայի հետ զրուցելիս մեզ միացավ սիրիահայ Ժոզեֆինա Այվազյանը։ Ի տարբերություն հարևանուհու, նա Հալեպ վերադառնալ չի ցանկանում անգամ պատերազմից հետո։ Հայաստան եկել է հայրենիքի սիրուց։ Տիկին Ժոզեֆինան խանութից էր գալիս, սուրճ ու ծխախոտ գնելու էր գնացել։ «Հեռու է խանութը, կտրված ենք ամեն ինչից: Մենք քաղաքում ենք ապրել, մեզ համար կրկնակի բարդ է», - ասում է նա։ Տիկին Ժոզեֆինան պատմում է, որ իրենց հանրակացարաններում բոլոր օրերը նման են իրար. «Երևանում ավելի հեշտ է: Երբ նոր էինք եկել, այնտեղ վարձով էինք ապրում, բայց գումարը սպառվեց ու ստիպված եղանք տեղափոխվել: Այստեղ ամայության մեջ կապրինք», - ասում է 73- ամյա կինը և ժպտալով ավելացնում ՝ Աստված այսպես կամեցավ, պետք է հարմարվենք։ Ժոզեֆինա Այվազյանը զայրանում է՝ հեռուստացույցով միայն Քեսաբի մասին են լուրեր հաղորդում, մինչդեռ, ըստ նրա, Հալեպում իրավիճակն ավելի վատ է. «Մոռցան Հալեպը, սաղ օր Քեսաբ կհոլովին, միշտ էլ Հալեպեն վիճակն է վատ ըլլացել, նպատակները իրագործվում է՝ Հալեպը մոռանում են. անցալ օրերին գնդակը որդուս քովով է անցել, մահեն ազատվել է»,- արցունքը կոկորդում խեղդելով ասում է նա։ «Լավատես չըլանք, մեկ օր չենք կըրնալ ապրիլ»,- «Ա1+»-ի հետ զրույցն այսպես է եզրափակում սիրիահայ Ժոզեֆինա Այվազյանը։ Դիտեք նաեւ տեսանյութը