Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Samsung Electronics»-ի հետ ստորագրվեց հուշագիր

Հասարակություն
samsung

Այսօր Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանը և «Samsung Electronics» ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը ստորագրեցին կրթական համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի շրջանակներում «Dasaran.am» կրթական ծրագրի գործընկեր «Samsung Electronics» ընկերությունը կիրականացնի մեկ դպրոցում և մեկ համալսարանում մեկական սենյակ արդի սարքավորումներով ամբողջությամբ կահավորելու ծրագիրը, որը կրում է «Smart School»՝ «Խելացի դպրոց» խորագիրը: Կրթության և գիտության նախարարության հովանու ներքո իրականացվող այս նախաձեռնությունը հնարավորություն կտա ԿԳՆ կողմից ընտրված մեկ բուհի և մեկ դպրոցի սաներին օգտվել ժամանակակից կրթության մեջ կիրառվող ամենաարդի տեխնոլոգիաներից, ինչը կդարձնի կրթական գործընթացն առավել արդյունավետ և օգտակար: Ծրագրի նպատակն է կրթության կազմակերպման արդի մեթոդները հասանելի դարձնել նաև Հայաստանի ուսանողներին և դպրոցականներին, ինչը համահունչ է «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և «Dasaran.am» կրթական ծրագրի առաքելությանը: Հիշեցնենք, որ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ Հայաստանի հանրակրթական հաստատություններում: «Dasaran.am» կրթական ծրագիրը 2009 թվականից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Ծրագիրը գործում է ՀՀ բոլոր դպրոցներում՝ վայելելով ՀՀ ԿԳ նախարարութան և Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, իսկ մարզերում համապատասխան գործունեությունն իրականացվում է ՀՀ Վարչապետի հավանությամբ: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրը գործում է անվճար հիմունքներով: