Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ հասարակական խորհրդի հայտարարությունը

Պաշտոնական
13.02.14-5820պն-շենք

Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ տեղի ունեցած ամենազարհուրելի ոճրագործություններից է, որն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար: Զանգվածային կոտորածներին զոհ գնացին 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, հայ ժողովուրդը հայրենազրկվեց: Օսմանյան Թուրքիան կազմակերպեց և իրականացրեց այդ ոճրագործությունը` նպատակ ունենալով բնաջնջել հայությանը: Հայոց ցեղասպանությունն անհերքելի պատմական իրողություն է, որը ճանաչել և դատապարտել են աշխարհի ավելի քան քսան պետություն և միջազգային կազմակերպություն: Սակայն Թուրքիան չի ցանկանում ընդունել ճշմարտությունը: Շարունակելով ժխտողական քաղաքականությունը` նա դառնում է անցյալի ոճրագործության մեղսակիցը: Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է: Այն վաղեմության ժամկետ չունի, երբևէ պետք է դատապարտվի, և հայ ժողովուրդն արդար հատուցում ստանա: Մենք զորակցում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ տանելուն նպատակաուղղված բոլոր քայլերին, քանզի դրանք ծառայում են պատմական արդարության վերականգնմանը և նոր ոճրագործությունների կանխմանը: Մենք մերժում ենք այդ հարցում դրսևորվող շահախնդիր մոտեցումներն ու խուսանավումները և կոչ ենք անում աշխարհի առաջատար պետություններին ջանքեր գործադրել հայ ժողովրդի արդար իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Հայ ժողովուրդն իր լինելիությամբ հաղթել է ցեղասպանության դաժան արհավիրքին: Սակայն, քանի դեռ Թուրքիան չի ապաշխարել և չի քավել իր մեղքը, պատմության այդ էջը չի կարող փակվել: Պահանջում ենք ճանաչում և հատուցում: ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ