Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանի ուղերձը

Հասարակություն
a74b4c5cc17d73f2e1d20cefb9436d54

Սիրելի՚ հայրենակիցներ Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում է ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս առումով հայության կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը, ով գլուխ է խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջեւ, հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը` անել հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության` ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: 1890 -1923 թթ –ին Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման եւ հայրենազրկման ծրագիր: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտի եւ երբեք չի մոռանա յուրաքանչյուր հայ, հայի յուրաքանչյուր սերունդ` աշխարհի որ անկյունում էլ լինի եւ որքան էլ ժամանակ անցնի: Հակառակ Օսմանյան կայսրության եւ թուրքական նոր իշխանությունների երկար տարիների հրեշավոր ծրագրերի, հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը: Մեր դարավոր մշակույթի տեր ժողովուրդը մաքառեց եւ 20-րդ դարն ամփոփեց պատմական հայրենիքի մի հատվածի վրա անկախ պետականության հաստատմամբ: Թուրք - ադրբեջանական հակահայ ընդհանուր ծրագրից, եռամիասնության` Հայաստանի- Արցախի եւ Սփյուռքի ընդհանուր ջանքերի շնորհիվ ազատագրվեց Արցախը, եւ որպես անկախ պետություն Մայր Հայաստանի հետ, ձերբազատվելով Ցեղասպանության բարդույթից` հպարտորեն քայլում է 21-րդ դարի ընթացքի հետ: Այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին մեր առջեւ էլ ավելի են բացվել պատմական ճշմարտության վերականգնման հորիզոնները եւ անմեղ զոհերի հիշատակը, թափված արյունն ու կորցված հայրենիքը մեզ միասնության են կոչում: Ցեղասպանության զոհերի հիշատակն ու կորցրած հայրենիքի ցավը մեզանից պահանջում է լինել զգոն, ուժեղ եւ հզոր: Հայոց պետականության հզորացումը միլիոնավոր զոհերի պահանջն է ու ցեղասպանության պատասխանը: Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի ու անկախացած Արցախի համար մարտնչած հայորդիների նոր սերունդն է արդեն հպարտորեն քայլում` հավաստիացնելով, որ պահպանելու է ձեռքբերումները եւ շարունակելու է պահանջատիրական իր պայքարը: Պայքար, որի դրոշը` հավատն է սեփական ուժերի հանդեպ եւ որի ուժը` համայն հայության միասնությունն է: Համայն հայության ներուժը միավորելով, միասնությամբ մենք կհասնենք մեր համազգային բոլոր խնդիրների լուծմանը: Միասնությամբ մենք կպաշտպանենք աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հային: Ուրեմն, միասնությամբ ոգեկոչենք ցեղասպանության զոհերի հիշատակն ու հզորացնենք մեր երկիրը` համայն հայության հայրենիքը, հանուն պատմական ճշմարտության վերականգնման, հանուն Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման, հանուն տարածքային փոխհատուցման եւ հայրենիքի` պատմական Հայաստանի վերամիավորման: ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ Մ.Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ