Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Թանկյանը բաց նամակով դիմել է Թուրքիայի ժողովրդին

Քաղաքականություն
C47A1000-7CD9-4F32-B6A0-161363792E94_w640_r1_s_cx0_cy1_cw0

Ամերիկայի Ձայն Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Թուրքիայում լույս տեսնող հայալեզու «Ակոս» պարբերականում բաց նամակով դիմել է Թուրքիայի ժողովրդին՝ հորդորելով դեմ առ դեմ կանգնել պատմության հետ և «հիրավի գտնել իրեն»:   Իր նամակում Թանկյանը նաև անդրադարձ է կատարել Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու ուղղությամբ իրականացվող ջանքերին:   «Թուրքիան չափազանց կարևոր է ինձ համար ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ էն ծնվել իմ նախնիները, այլ նաև այն պատճառով, որ իմ ամբողջ ազգը սկիզբ է առել այն հողում, որն իրենցից խլել են ոչ թե պատերազմելով կամ փոփոխելով սահմանները, այլ իթոիհաթի կառավարության դաժան հրամանների արդյունքում», - գրում է Սերժ Թանյկանը: - «Ի՞նչ նշանակություն ունի այս ամենը մեզ համար այսօր: Ամեն ինչ չափազանց պարզ է: Հայերը չեն ցանկանում վիճել Թուրքիայի հետ կամ ստեղծել ռասայական զատում, մենք պարզապես ցանկանում ենք արդարության հասնել, որպեսզի բոլորս կարողանանք հաղթահարել պատմական այն ցավը, որը լարվածություն է առաջացնում մեր հարաբերություններում»:   Թուրքիայի ժողովրդին ուղղված իր նամակում Սերժ Թանկյանը հարցնում է, թե արդյոք նրանք տեղյակ են, որ իրենց երկրի կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարներ կազմող գումար է ծախսում՝ Հայոց ցեղասպանության հերքման ուղղված միջոցներ ձեռնարկելու համար՝ «վարձելով տարատեսակ լոբիստական ընկերություններ և համալսարաններում ստեղծելով ամբիոններ՝ ճշմարտությունն իրեն հարմար եղանակով վերստեղծելու նպատակով»:   «Գիտե՞ք արդյոք, թե ինչպես են իրենց զգում հայերը: Թե որքա՞ն ցավալի փորձություն է դա: Բավական չէ՞ արդյոք, որ ես պատմության մեջ տեղի ունեցած զարհուրելի ողբերգությունը վերապրած մարդկանց թոռ եմ: Արդյո՞ք արդարության հասնելու համար պետք է պայքարեմ ամբողջ աշխարհում տարվող քարոզչության դեմ», - շեշտում է Թանկյանը:   Ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանի համաձայն, «և՛ հայերը, և՛ թուրքերը արժանի են հավասարության իրական կողմնակից, ժողովրդավարական և ոչ կոռումպացված կառավարությունների»:   Եզրափակելով թուրք ժողովրդին ուղղված բաց նամակը՝ Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայում հանդիպած այն բոլոր մարդկանց, ովքեր իր հետ կիսել են նրանց պատմությունները և «ազնվության և արդարության հիման վրա հարաբերությունների բարելավման հույս են ներշնչել»:   «Ցանկանում եմ ձեզ, Թուրքիայի իմ սիրելի ժողովուրդ, որ դուք հիրավի գտնեք ինքներդ ձեզ», եզրափակում է «Ակոս» հայալեզու թերթում ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանի հրապարակված բաց նամակը: