Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչքարի օծման արարողություն Թբիլիսիում

Հասարակություն
xachkar

Ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի պատարագ, որից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողություն: Արարողությունն իրականացրեցին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը` Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության փոխառաջնորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և թեմի հոգևոր դասի ընկերակցությամբ: Խաչքարի օծումից հետո Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը և խաչքարի տեղադրման հովանավոր, պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանը բացեցին խաչքարը՝ հեռացնելով սպիտակ քողը: Իր ելույթում դեսպան Մանուկյանը, մասնավորապես, նշեց. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հույժ կարևոր և պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է: Շուրջ մեկ դար է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունից, սակայն, ցավոք, հայ ժողովրդի դեմ կատարված այդ ոճրագործությունը մինչ օրս համընդհանուր ճանաչում և դատապարտում չի ստացել: Սա ոչ միայն հայ ժողովրդի ողբերգությունն է, այլև ողջ մարդկության ամոթը, քանզի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտումը և չճանաչումը հետագայում հանգեցրեց նոր ցեղասպանությունների և ոճրագործությունների»: Անդրադառնալով Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականությանը՝ ՀՀ դեսպանն ընդգծեց, որ եվրոպական քաղաքակիրթ ազգերի ընտանիք ձգտող երկիրը պարտավոր է դրսևորել եվրոպական պետությանը պատշաճ քաղաքավարական մակարդակ, բարոյական ուժ և քաղաքական կամք՝ պատմական անժխտելի փաստերի իրողությունն ընդունելու համար, ինչպես դա արեց Գերմանիան` դատապարտելով Հոլոքոստը: Դեսպան Մանուկյանը հայտնեց, որ ՀՀ Նախագահի հրամանագրի համաձայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով Վրաստանում ևս ստեղծվել է հանձնախումբ, որում ընդգրկված են ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, հայ համայնքի գործիչներ և մտավորականներ: Հանձնախմբի հիմնական առաքելությունն է հայ ժողովրդի արդար պահանջը հասու դարձնելը նաև մեր բարեկամ երկրի՝ Վրաստանի հասարակությանն ու իշխանությանը: