Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարայինում ապրելը դարձել է անհնար. Բնակիչները փոխհատուցում են ուզում (տեսանյութ)

Հասարակություն
Susik

Վթարային ճանաչված Շինարարների 15 շենքը, թեև քանդվում է, սակայն Ադամյանների ընտանիքը այստեղից հեռանալու մտադրություն չունի։ 7 անձից բաղկացած ընտանիքը վթարային բնակարանը կլքի միայն մեկ դեպքում, եթե 2 մեկ սենյականոց ստանա՝ որպես փոխհատուցում։ «Ինձ համար առանձին ապրելը մի քիչ հանգստություն է»,- այսօր «Ա1+»-ն հայտնեց Սամվել Ադամյանը։ Մարգարյան 37 հասցեում ընտանիքն արդեն մեկ սենյականոց բնակարան է ստացել, սակայն 7 անձի համար այն փոքր է։ Նրանց հատկապես զայրացնում եւ զարմացնում է Երեւանի քաղաքապետարանի այն հայտարարությունը, որ ընտանիքին բարելավում չի հասնում։ «Շենքում կան շատ օրինակներ, որ ունեցել են մեկ սենյակ, ստացել են երկուսը, սակայն դա ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ այս մարդուն ապահովեն բնակարանով»,- ասում է ընտանիքի անդամներից Խանում Հովսեփյանը։ Ընտանիքի հայրը՝ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող 56-ամյա Սամվել Ադամյանն ասում է, որ վերջին ամիսներին այստեղ ապրելը դարձել է անտանելի։ Շենքը քանդող շինարարները երեկվանից նրանց նաեւ էլեկտրաէներգիայից են զրկել։ Հաշմանդամություն ունեցող տղամարդուն միայն մեկ բան է հետաքրքրում՝ իրենց բնակարան չտրամադրողները կարո՞ղ են ապրել նույն պայմաններում. «Փետրվարից ջուր չունենք, այս կարգավիճակում ինչքա՞ն կարելի է ապրել»։ Ադամյանների ընտանիքը խոստանում է՝ վթարային ճանաչված շենքից դուրս չի գալու այնքան ժամանակ, մինչեւ պահանջները չբավարարեն։ Իսկ շենքի քանդման աշխատանքները նրանց չեն անհանգստացնում։ Susik 1