Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունն արձագանքեց «Ա1+»-ի հետաքննությանը

Կարևոր լուրեր Հասարակություն
sisak1

Արձագանքելով «Ա1+»-ի տեսանյութում բարձրացված խնդրին` Բնապահպանության նախարարությունում բացվել է թեժ գիծ: Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նախարարության հասարակայնության եւ տեղեկատվության վարչության պետ Արմեն Վարդանյանը` անդրադառնալով տեսանյութում ներկայացված Գեղարուտ գետի ջրի խնդիրներին: Նշենք, որ ըստ Արագածոտնի Արագած գյուղի բնակիչների` գետի ջուրը պղտոր է, ծծմբագույն եւ անպիտան է դարձել ոչ միայն ոռոգման, այլեւ կենդանիների համար: Որպես հիմնական պատճառ` գյուղացիները նշում են «Վակուֆլո» եւ «Էլկաս» ՀէԿ-երի բացասական ներգործությունը: Պարոն Վարդանյանը նշեց, որ համապատասխան հանձնարարական է տրվել Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը` տեղում ուսումնասիրել խնդիրը: «Գետից կվերցվեն նմուշներ, եւ եթե լաբորատոր փորձաքննության անհրաժեշտություն չլինի, ապա ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն 1-2 օրվա ընթացքում: Կուսումնասիրվի նաեւ ՀԷԿ-երի աշխատանքը»,- նշեց Բնապահպանության նախարարության հասարակայնության եւ տեղեկատվության վարչության պետը: