Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարտադիր բաղադրիչը կկասեցվի՞. կառավարության քննարկման ամփոփում (տեսանյութ)

Քաղաքականություն
arcvik1

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ խորհրդարանական հինգ ուժերի հետ հանդիպումից հետո ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողներին հայտնեց, որ քննարկումը դրական ֆոնով է ավարտվել։ Պարոն Մինասյանը չբացառեց, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է կասեցնել պարտադիր բաղադրիչը, որպեսզի մարդիկ չվճարեն պարտադիր գումարները, գործատուներն էլ տույժ ու տուգանքի չենթարկվեն։ Ըստ պատգամավորի՝ առաջիկա երկու օրերի ընթացքում կառավարությունը կպատրաստի օրենքի նախագիծ։ «Պետք է սպասել երկու օր՝ կառավարության ներկայացրած օրենքի նոր նախագծին։ Իսկ մինչ այդ վերջնական ոչինչ չենք կարող ասել։ Կառավարության նախագիծը կլինի, եւ կտեսնենք, թե որքանով են մեր եւ «Դեմ եմ» շարժման նախագծի դրույթները իրացված կառավարության նախագծում եւ ըստ այդմ՝ կտեսնենք արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն կա, թե ոչ»։ Պարոն Մինասյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաեւ ներկայացրել է իր դիրքորոշումները՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, որը հայտնել էր նաեւ «Դեմ եմ»-ի վերջին ակցիայի ժամանակ։ «Մենք էլ ներկայացրինք մեր դիրքորոշումները։ Շատ ենք կարեւորում այն, որ վարչապետը պատրաստակամ է խնդիրները լուծել եւ բարձրացված հարցերին լիարժեք պատասխաններ հնչեցնել»,-ասաց Արծվիկ Մինասյանը։ «Խնդիրը երկու փուլի է բաժանվում. առաջին փուլն այս կարճաժամկետ հատվածն է, որպեսզի վերականգնվի հասարակության վստահությունը, իսկ դա նշանակում է, որ այնպիսի փոփոխությունների պետք է ենթարկվեն համակարգային տարրերը, որ թույլ կտա քաղաքացիներին բացառապես իրենց կամահայտնությամբ համակարգին մասնակցել, չի լինելու որեւէ պարտադրանք, չի լինելու տույժ ու տուգանք։ Երկրորդ փուլն արդեն նոր մոդելի մշակումն է, որը ենթադրում է հասարակության տարբեր շերտերի ներգրավումը՝ մասնագիտական, հանրային, դա ավելի երկար ժամանակահատված է պահանջում, դա արդեն այլ քննարկման հարց է։ Այս պահին շատ կարեւոր է, որ պարտադիր բաղադրիչի պարտադրանքի կասեցման ուղղությամբ կառավարությունը կոնկրետ քայլեր է պատրաստ իրականացնել»,-եզրափակեց Արծվիկ Մինասյանը։