Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին հրաժեշտը Հրանտ Վարդանյանին՝ Կամերայինից

Հասարակություն
hrant-vardanyan

2014 թվականի ապրիլի 19-ին 65 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայտնի գործարար, «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ Հրանտ Վարդանյանը: Մարդ, ով ողջ կյանքը նվիրեց իր հայրենիքի տնտեսության զարգացմանը, և ում անվան հետ է կապված Հայաստանի Հանրապետությունում հայրենական արտադրության վերածնունդը: Հրանտ Միքայելի Վարդանյանը ծնվել է 1949 թ. հունվարի 23-ին, Երևանում: Սովորել է Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում: 1974 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը: 1990 թվականին դարձել է տնտեսագիտության թեկնածու: Հրանտ Վարդանյանն արժանացել է բազմաթիվ պետական պարգեւների, այդ թվում 1999 թվականին պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» ոսկե մեդալով, 2009 թվականին ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կոչում: 1997 թվականին հիմնադրելով «Գրանդ Տոբակո» ընկերությունը, Հրանտ Վարդանյանը սկիզբ դրեց Հայաստանում հայրենական արտադրության վերածննդին և զարգացմանը: Այնուհետև ստեղծելով «Մասիս Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները, զարկ տվեց Հայաստանում մոռացության մատնված ծխախոտագործությանը: 2000 թվականին հիմնադրեց «Գրանդ Քենդի» ընկերությունը՝ սկիզբ դնելով Հյաստանում հրուշակագործության զարգացմանը: Հրանտ Վարդանյանը միշտ առանձնապես կարևորել է աշխատանքն ու աշխատող մարդուն: Դրա վկայությունն է նաեւ մոռացության մատնված աշխատանքի միջազգային օրվա վերածնունդը մեր երկրում, որը հնարավոր դարձավ միայն Հրանտ Վարդանյանի շնորհիվ: Ավելի քան 7000 աշխատատեղ արտադրության և 25 հազարը գյուղատնտեսության մեջ: Տարիներ շարունակ առաջիններից մեկը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում, իսկ որպես հայրենական արտադրող՝ առաջինը՝ ոչ միայն վճարված հարկերի, այլեւ արտահանման ծավալներով: Այսպիսին է նրա ժառանգությունը: Հրանտ Վարդանյանի ջանքերով հայկական արտադրանքի վարկն ու հեղինակությունը բարձրացավ ոչ միայն Հայաստանում, այլև՝ նրա սահմաններից դուրս: Այսօր ՛՛Գրանդ Հոլդինգի՛՛ արտադրանքն արտահանվում է աշխարհի 22 երկիր, իսկ արտահանման ծավալները շարունակում են ընդլայնվել: Հայտնի գործարարի գործունեության մյուս կարևորագույն ուղղությունը բարեգործությունն էր: Նրա իրականացրած բարեգործական ծրագրերն այնքան շատ են, որ հնարավոր չէ թվարկել: Հրանտ Վարդանյանն ամուսնացած էր, ունի երկու որդի, հինգ թոռնիկ: Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, ապրիլի 22-ին, ժամը 18:00-ից 20:00-ը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը՝ ապրիլի 23-ին, ժամը 12:00-14:00-ը, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հրանտ Վարդանյանի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում: «Գրանդ Հոլդինգ»